Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից: «Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

  • Լիլիպուտային հոգիների տեր մարդկանց ամենաողորմելի սովորություններից մեկն էլ այն է, որ կարծում են, թե դիմացինն էլ մանր հոգի ունի:
  • Ազնիվ մարդը պետք է ամենուրեք պահի իր արժանապատվությունը:
  • Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում: Եվ իսկապես, մեծ զգացուներն ինչպես կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ:
  • Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:
  • Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում։
  • Կյանքը խոհանոցից լավ չէ․ նրա նման հոտում է, և անպայման պետք է, որ մարդս ձեռքերը կեղտոտի, եթե ուզում է ճաշակել։ Միայն իմացեք, որ պետք է լվացվել, պետք է մաքուր երևալ․ այդտեղ և միայն այդտեղ է մեր դարաշրջանի ամբողջ բարոյականությունը։
  • Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող:
  • Վարվեք մարդկանց հետ ըստ նրանց ունեցած արժանիքների:
  • Կատարյալ մարդ չկա: Մարդ ասածը առավել կամ նվազ չափով կեղծավոր է:
  • Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան երբ նայում ես կյանքիդ վրա և գտնում ես, որ նա մաքուր և անարատ է:
  • Փողն արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ չքանում են զգացմունքները:
  • Սերը կրոնի նման է, և նրա պաշտամունքը բոլոր մնացած կրոնների պաշտամունքից ավելի թանկ արժե:
  • Ինչքան ուժեղ և անկեղծ է սերը, այնքան նա պիտի լինի թաքուն ու խորհրդավոր:
  • Անհաջողությունը միշտ թև է տալիս մեր հանդուգն հավակնություններին: Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։ Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։ Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։