Հատված «Տորք Անգեղ» վիպակից
{հեղ.՝ Արմեն Մալխասյան}

Ամռան մի շոգ օր Տորքը սովորականի պես լեռնագագաթները բարձրանալու ցանկությամբ համակվեց։ Դա սոսկ սարերով թրև գալու դատարկ քմահաճություն չէր, ինչպես կարող էր թվալ։ Ստեղծագործելու բուռն պահանջն էր, որ հսկային ստիպում էր թողնել հիմնական զբաղմունքը և ժամերով կորչել ձյունածածկ լեռների գաղտնարաններում։ Ուստի հոտերն ու նախիրները մի քանի ուրիշ հովիվների հոգածությանը թողեց ու ավելի վեր՝ ապառաժ ժայռերի մեջ բարձրացավ։ Արևակեզ, մինչև գոտկատեղը մերկ, ձեռքին մի հսկա մահակ, որն ընկուզենու ծառից էր պատրաստել, աժդահան մտախոհ քայլեց ժայռերի միջով։ Ավելի ու ավելի վեր բարձրացավ, մոտեցավ քարաբեկորների մի խոշոր կույտի, ինչպիսիք հաճախ են պատահում անտառածածկ լեռնալանջերին։ Ամեն մի ցցված ժայռ նրան որևէ կենդանի կամ թռչուն էր հիշեցնում։ Վառ պատկերներն արագորեն առկայծում էին նրա երևակայության մեջ։ Կասկածներն ու վարանումները, սակայն, խանգարում էին ընտրություն կատարելու։ Տորքը խնամքով ուսումնասիրում էր հսկա քարերը, շոշափում, եղունգով փորձում ամրությունը։ Վերջապես նրա հայացքը կանգ առավ ժայռերից մեկի վրա։

- Դու պետք է թռչե՛ս,- մանկական պարզությամբ գոչեց հսկան։- Պետք է սավառնես երկնքի անհունում և գոռ հայացքով լեռներն ու ձորերն ընդգրկես, որտեղ իմ հոտերն ու նախիրներն եմ արածացնում։

Տորք Անգեղը մեծ եռանդով կպավ ապառաժ քարին՝ կարծես ցանկանալով ըմբիշի հնարք կիրառել։ Ժայռաբեկորը ծանր ճռնչաց, բայց անսասան մնաց։ Տորքն ավելի մեծ ջանք գործադրեց։ Հսկայի մկանները պրկվեցին, թվում էր՝ ուր որ է կպայթեն, բայց ժայռաբեկորը տեղի տվեց։ Խուլ տնքալով, ասես չկամենալով թողնել մայր հողը, որին անհիշելի ժամանակներից միաձուլված էր, քարեղեն զանգվածը հիմքից ճաք տվեց ու պոկ եկավ։ Լեռները դղրդացին, փոշի բարձրացավ ու ծածկեց կապուտակ երկինքը։ Տորք Անգեղը մի կողմ դրեց քարը, որը տեղից շարժելու համար հիսուն գոմեշի և նույնքան ջորիների ուժ կպահանջվեր, սրբեց ճակատի քրտինքը և գոհունակությամբ ժպտաց.

- Կա՛րծր քար, դու չունես ձև, քո մեջ չկա հոգի։ Ես քեզնից մի գեղեցիկ արձան կկերտեմ, իսկ հետո Բարձրյալը երկնքից քեզ հոգեղեն կդարձնի։

Աժդահան ժպտաց մանկան անմեղ ժպիտով և թավ հոնքերի տակից խոշոր աչքերով գործնականորեն նայեց ժայռաբեկորին։ Ապա ևս մեկ անգամ ճկույթի եղունգով փորձելով քարի կարծրությունը՝ եռանդով գործի կպավ։

Տորք Անգեղը եղունգներով քերեց, հղկեց ժայռաբեկորի մակերեսը, մեծ կտորներ պոկեց ու խոտանեց և քարին որոշակի ձև հաղորդեց։ Թե ինչ էր որոշել հսկան քանդակել, դեռ միայն ինքը գիտեր ու, թերևս, նաև վերին ուժերը, որոնց օգնությամբ հույս ուներ քարե կերտվածքին հոգի ու շունչ հաղորդել։ Նա այնքան էր տարվել աշխատանքով, որ այլևս ոչինչ չէր տեսնում շուրջը։ Ու նույնիսկ եթե ավազակներ գային իր նախիրներն ու հոտերը կողոպտելու, բնավ չէր նկատի։

Աստիճանաբար երկարավուն գլուխ, կտուց և խստաբարո աչքեր գծագրվեցին։ Արդեն ակնհայտ էր, որ նա արծիվ է քանդակում։ Քիչ հետո նշմարվեցին նաև թռչնի զորավոր թևերը և ահեղ մագիլները։ Տորքը պտտվեց արձանի շուրջը, գործից հասկացող վարպետի աչալրջությամբ գնահատեց աշխատանքը, ապա հանձն առավ ավելի նրբորեն հղկելու այն, վերացնելու թերությունները, դարձնելու ավելի կատարյալ։

Արձանը չափազանց գեղեցիկ էր ստացվել. Տորք Անգեղը գոհ մնաց իր աշխատանքից։ Դա ռազմատենչ, թռչելու և զոհի վրա սուրալու պատրաստ մի ազնվացեղ թռչուն էր, ինչպիսիք շատ կան հայոց աշխարհում։ Ահա և Տորքը մի հիանալի արձան կերտեց՝ ի պատիվ այն երկրի, որտեղ ապրում էր, և որը իր կյանքից ավելի էր սիրում։

Որոշ ժամանակ զմայլվելով սեփական տքնանքի արգասիքով՝ աժդահան թիկն տվեց ժայռին, գոտկատեղից դուրս բերեց եղեգնյա սրինգը և մոտեցրեց հաստ շուրթերին։ Նա փակեց աչքերը՝ կարծես ցանկանալով միաձուլվել բնության հետ, կոպիտ մատներով անուշ մեղեդի քամեց սրինգից։ Լսելով այդ կախարդող ձայնը՝ զանազան կենդանիներ ու թռչուններ մոտեցան ու խմբվեցին հսկայի շուրջը։ Արտույտը և կեռնեխը ներդաշնակ ձայնակցում էին, կարծես մի-մի սրինգ էլ իրենք էին նվագում, ու նույնիսկ առյուծի ու վագրի մռնչյունները, որ ժամանակ առ ժամանակ արձագանքելով՝ տարածվում էին լեռներում ու ձորերում, ոչ թե գազանային ձայնի արտահայտություն էին, այլ նվագածության ուշագրավ լրացում։

Որպես մի թագավոր, որն իր տիրույթներն է աչքի անցկացնում, Տորքը, իր ծառե մահակն ուսին, զբոսնեց լեռներում, պաղ աղբյուրից ջուր խմեց, սառնորակ լճում լողաց, ապա որոշեց, որ վերադառնալու ժամանակն է։ Նոր էր սկսել լեռնալանջով վար իջնել, երբ մի խոշոր շերտավոր վագր մոտեցավ, ու հավատարիմ շան պես քայլեց նրա կողքով։ Նման բան հաճախ էր պատահում։ Վայրի գազանները սիրում էին Տորքին, ու Տորքն էլ գազաններին էր սիրում։

Երկու ժամ բաց երկնքի տակ քայլելուց հետո, երբ հեռվում նշմարվեցին Տորքի հոտերն ու նախիրները, վագրը սկսեց քսմսվել հսկայի ոտքերին ու ինչ-որ բան հասկացնել։

- Դու շատակեր ես՝ իմ զարմիկ Շարայի պես,- վագրի գլուխը շոյեց Տորք Անգեղը։- Եվ ես հուսով եմ, որ դու նաև քաջ ես իմ մյուս զարմիկների պես։ Գիտե՞ս, նրանցից մեկը մեծ թագավոր է հյուսիսի Հայասա երկրում, նրան կոչում են Կարաննի։ Իսկ մյուսն ավելի մեծ թագավոր է հարավի Միտանի երկրում, անունն է նրա Շուտարնա։ Միայն նրանք չեն, շատ ուրիշ քաջ զարմիկներ էլ ունեմ։ Վերջին անգամ, երբ եղա իմ զարմիկ Բազի մոտ, որի հետ սրտիս ուզածի չափ ձուկ որսացի հարևանությամբ գտնվող մեծ լճում, հանդիպեցի իմ զարմիկներից շատերին նույնպես։ Իմ հայր Պասքամը շատ է սիրում նրանց, ու ես էլ եմ սիրում։ Նույնիսկ Շարային, որը չորս Տորքի չափ է ուտում, թեև նրանից ավելի ուժեղ չէ։ Դու էլ Շարայից ոչնչով հետ չես մնում, ահա և քեզ Անկուշտ եմ կոչում։