Հատված «Հայկ եւ Բել» վիպակից
{հեղ.՝ Արմեն Մալխասյան}

Բելը չէր ցանկանում Հայկի հետ գժտվել։ Վերջինս մեծ համբավ էր վայելում հսկաների մեջ, և առանց նրա աջակցության դժվար կլիներ իր նպատակներին հասնել։ Նա հաշտվողաբար խնդրեց Հայկին դադարեցնել այդ խոսակցությունը։

- Ո՜րս, կուռքե՜ր, առաջին մարդկանց կաշվե հանդերձա՜նք... Այդ ամենն ի վերջո անկարևոր է՝ համեմատած այն բանի հետ, ինչի համար ես քեզ Բաբելոն եմ հրավիրել։

Հայկի դեմքը պայծառացավ. նա քինախնդիր չէր և ուրախ կլիներ վերագտնելու այն մարդուն, որին աշխարհի փառքը ամբարտավան և նախանձ էր դարձրել։

- Եթե նպատակը վեհ է, ազնիվ, կոչված Հայր Աստծուն ծառայելուն,- ասաց նա,- ես ու իմ մարդիկ պատրաստ ենք մինչև անգամ վտանգի ենթարկելու մեր կյանքը։

Բելը խոսելու էր անսովոր բանի մասին։ Նա չգիտեր որտեղից սկսել, ուստի որոշեց հեռվից գալ։

- Նպատակն, իհարկե, վեհ է, ազնիվ. այն կոչված է ճանաչելու աստվածային իմաստնությունը և...

Քիչ էր մնացել Բելի լեզվի ծայրից թռչեր. «...և հասնելու Հայր Աստծուն», բայց նա վաղաժամ համարեց այդ մասին հայտարարել։

- Աստվածային իմաստնությունը ճանաչելը ամեն մի ողջամիտ մարդու համար կյանքի գերակայություն է,- պատասխանեց Հայկը։

Բելը թաքցրեց հայացքը։ Նրա արձակած առաջին նետը նպատակին էր հասել։

- Իսկ, արդյոք, հանուն այդ նպատակի մարդը պատրա՞ստ է զոհողության...

Հայկը ծուռ նայեց Բելին. նրան հեշտ չէր լինի թակարդը գցել։

- Ո՛չ ամեն տեսակ, բայց շատ զոհողությունների...- պատասխանեց նա, ապա ավելացրեց։-Իսկ ինչո՞ւ միանգամից չասել, թե ինչի մասին է խոսքը։

Բելը ոտքի կանգնեց և գոռոզ տեսք ընդունեց։ Ակնհայտ էր, որ նա հպարտանում էր իր գաղափարով, որի մասին վերջապես որոշել էր խոսել:

- Մենք աշտարակ կկառուցենք,- ասաց նա,- բարձր, վիթխարի աշտարակ։ Այնքան բարձր, որ կանցնի սպիտակ ամպերի միջով, կճեղքի երկնքի կապուտակ շերտերը և կթակի Հայր Աստծու դռները։ Գտնվելով նույն աստիճանի վրա` մենք կճանաչենք Նրա իմաստնությունը և կհավասարվենք Նրան...

Ապշած Հայկի հոնքերը վեր ելան: Նա Բելին նայեց իբրև մի խելագարի, որին մոլեգնությունը վտանգավոր սահմանի էր հասցրել:

- Դա ցնորամիտ գաղափար է,- ասաց նա,- դու ինչպե՞ս ես այն իրագործելու։

Բելը հուզված հետուառաջ էր քայլում սենյակում։ Անվերջ թաքնված լինելով դաժանամտության և գոռոզամտության դիմակի տակ, որն անհրաժեշտ էր իր բռնապետությունը պահպանելու համար նա հազվադեպ էր նման անկեղծ պոռթկումներ ունենում։

- Դու չգիտես, թե որքան լարված օրեր ու անքուն գիշերներ է դա ինձ արժեցել,- ասաց նա։- Ես ավելացրել եմ հպատակներիս հարկերը, և շատերը հիմա մի կտոր հացի կարոտ են։ Քաղաքների ամբողջ ոսկին ու արծաթը բռնագանձված է։ Դաշտերի ողջ ցորենն ու գարին բերված է Բաբելոն և պահեստավորված ամբարներում։ Իմ աստղաբանները և ճարտարագետները լուսատուների շարժումն են ուսումնասիրում և աշտարակի գծագրեր մշակում։ Քարհատներն աշխատում են զօրուգիշեր, նրանց բարձրացրած փոշին երկինք է հասել։ Անտառների բոլոր ծառերը հատված են ևորպես գերաններ՝ իրար վրա դարսված։ Ուղտերի ու ջորիների քարավանները, արհեստավորները, որոնց հրամայել եմ թողնել իրենց գործերը ևանհապաղ ինձ ներկայանալ, բյուրավոր են. ո՛չ սկիզբ ունեն, ո՛չ վերջ։ Բոլոր հսկաները իմ կողքին են՝ իմ տրամադրության տակ, իսկ այն սակավները, որոնք համարձակվել են ընդդիմանալ, սպանված են՝ ամեն մեկը՝ կողին մի դաշույն, և փտում են Միջագետքի տոթակեզ արևի տակ։

Բելը լռեց՝ սպասելով Հայկի արձագանքին, որը, ըստ երևույթին, շատ կարևոր էր նրա համար։

- Առաջարկն անսպասելի էր,- ասաց գանգրահեր հսկան։- Այնուամենայնիվ, կպատասխանեմ անմիջապես։ Ես քո դեմ դուրս չեմ գա, Բե՛լ, բայց աշտարակի շինարարությանն էլ չեմ մասնակցի։ Իմ մարդկանց հետ Արարադ աշխարհ կվերադառնամ, որտեղից եկել եմ, և քո ընկերն ու դաշնակիցը կմնամ։

Բելը հիասթափված էր, ակնհայտ էր, որ նա Հայկից ավելին էր սպասում։

- Դու հրաժարվում ես մասնակցել աշտարակաշինությանը, որովհետև չե՞ս հավատում իմ ձեռնարկած գործի հաջողությանը...

- Դա խելագարություն է, Բե՛լ։ Հնարավոր չէ, աշտարակ կառուցելով՝ Աստծուն հավասարվել։ Մեծ մեղք գործած կլինես Հայր Աստծու դեմ։