Կոմիսար Մեգրե՝ ամենահռչակավոր խուզարկուներից մեկը համաշխարհային դետեկտիվ գրականության մեջ:


 Մի անգամ հոլանդական Դելֆզեյլ փոքրիկ քաղաքում դեռևս ոչ հայտնի բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը նստեց գրամեքենայի առջև և որոշեց շարադրել մի սովորական դետեկտիվ պատմություն։ Այս շարադրանքը, սակայն, պետք է դառնար բացառիկ ոճի ստեղծագործություն տվյալ ժանրում և սկիզբ դներ կոմիսար Մեգրեի մասին պատմող դետեկտիվ սագային, որ համաշխարհային հռչակ էր բերելու հեղինակին և մեկընդմիշտ գերելու էր ժանրի սիրահարների սրտերը մոլորակի տարբեր անկյուններում։

 Սիմենոնն ինքն իրեն համեմատում էր ատաղձագործի հետ։ «Փորագրության նման դուրս եմ բերում իմ վեպերը փայտի կտորից»,- ասում էր գրողը։ Ժորժ Սիմենոնի ձեռագրի գաղտնիքը շատ պարզ է։ Նա իր դետեկտիվ վեպերի առանցքը դարձնում է ոչ թե սյուժետային ինտրիգը, այլ մարդկային բնավորության քննությունը, նրա արաքների հոգեբանական կողմը և այն հանգամանքների վերլուծությունը, որոնք մարդուն մղել են հանցագործության։ Հենց այս սկզբունքն էլ Սիմենոնի գրքերին, պարզ գրավչությունից զատ, նաև ինտելեկտուալ լիցք է հաղորդում։

 Եթե, օրինակ, Ագաթա Քրիստիի վեպերում հատկանշականը արագ զարգացող սյուժեն է՝ խճճված հանգույցներով ու ընթերցողին շարունակ լարվածության մեջ պահող զարգացումներով, ապա Սիմենոնը շեշտը դնում է խոհականության վրա։ Նրա հերոսի ֆիզիկական կազմվածքն ու կենսակերպն անգամ դրա վկայությունն են։ Մեգրեն գիրուկ է, ծանրաշարժ, շտապել չի սիրում, շատ ավելի զուսպ է երկխոսություններում, քան Ագաթա Քրիստիի հերոսները։

 «Հասկանալ և ոչ թե քննադատել․ ահա թե ինչն է եղել գլխավորն ինձ համար և իմ ընկերոջ՝ կոմիսար Մեգրեի համար»,- խոստովանում էր հեղինակը։- «Մարդ լինելը նույնպես բարդ արվեստ է»։

 Այսօր հայ ընթերցողի սեղանին են դրվում Ժորժ Սիմենոնի «Լատվիացի Պետերը» և «Իմ ընկեր Մեգրեն» վեպերի նոր թարգմանությունները։ Երկու գրքերն էլ մեծ հռչակ են վայելում ամբողջ աշխարհում։ Եվ սա միայն մեծ մատենաշարի սկիզբն է։

Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում: