- ԺԱ -
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԲԵԼԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Խոսքը շարունակելով՝ (Մար Աբասը) ասում է, թե իբր Տիտանյան Բելը23 իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց։ Ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկում է հյուսիսի կողմը՝ Հայկի մոտ, որ նա հնազանդության գա և խաղաղությամբ ապրի: «Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,- ասում է,- սակայն տաքացրո՛ւ և մեղմացրո՛ւ քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով՝ խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակության տեղ ընտրել»: Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում խստությամբ պատասխանելով: Ուղարկված (պատգամավորը) վերադառնում է Բաբելոն:

Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս՝ Արարադի երկիրը՝ Կադմոսի տան մոտ: Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ՝ իրենից առաջ արագագնաց (մարդիկ) ուղարկելով։ «Գիտցած եղիր,- ասում է,- ո՛վ մեծդ դյուցազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա հավերժական քաջերով և երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Եվ ես, լսելով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա ևահա տագնապած գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես»:

Իսկ Բելը հանդուգն ու անճոռնի ամբոխի զորությամբ, ինչպես մի հեղեղ, որ զառիվայրից ներքև է վիժում, շտապում էր հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց սրտերի ևանձերի վրա: Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան՝ խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, շտապով հավաքում է իր որդիներին և թոռներին, քաջ և աղեղնավոր մարդկանց՝ թվով շատ նվազ, և ուրիշ մարդկանց, որ ձեռքի տակ ուներ, գնում հասնում է մի ծովակի ափ24, որի ջրերն աղի են և մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերը կանչելով՝ ասում է նրանց. «Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կա՛մ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կա՛մ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանենք»։

Եվ ամբողջ ասպարեզներ25 դեպի առաջ անցնելով՝ հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով՝ գլուխները վեր բարձրացնելով տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան վազվզում էին երկրի երեսի վրա, իսկ ինքը Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում՝ մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա և ամբոխի մեջ: Նա կրում էր երկաթե գլխանոց՝ նշաններ կրող վերջերով, թիկունքի և լանջի վրա պղնձե տոպրակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կախել էր գոտի, որի ձախ կողմից կախված էր երկսայրի սուրը, աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում՝ ընտիր (զորականներ)։ Հայկը, տեսնելով պինդ սպառազինված Տիտանյանին և նրա աջ և ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև աղեղ և սուր (գործածելու մեջ) կորովի մարդիկ էին, ինքը կանգնեց առջևից և մյուս բազմությունը կանգնեցրեց իր ձախում, դասավորեց մոտավորապես եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց:

Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով։ Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում ընկնում էին գետնին, և կռիվն (անորոշ էր մնում)՝ երկու կողմերն էլ անպարտելի մնալով։ Այս անպարտելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան թագավորը զարհուրեց, և հետ քաշվելով՝ սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև համայն զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, սլաքը, շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետնին է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետնին և շունչը փչում է: Իսկ ամբոխը, այս քաջության ահագին գործը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը: Այսքանը բավական լինի այս մասին:

Բայց ճակատամարտի տեղը շենացնում դարձնում է դաստակերտ և անունը դնում է Հայք՝ հաղթական պատերազմի պատճառով. սրանից՝ գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ Բելն ընկավ քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որին այժմ ասում են Գերեզմանակ: Բայց Բելի դիակը, ասում է (Մար Աբասը), դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիների: Իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։