Մեծերի պատմածից ու հեքիաթներից լսել էր, որ գանձ գտնող մարդիկ կորցնում են խելքն ու բանականությունը, որը և հետագա դժբախտությունների պատճառ է դառնում: «Աթանես, գլուխդ չկորցնես,- սիրտ տվեց ինքն իրեն:- Նախ՝ ոչ մեկը չպետք է իմանա, բացի Մարկից ու Բիլից, այն էլ ոչ բոլոր մանրամասնությունները: Պետք է գտնել հավատարիմ ու ազնիվ մի խորհրդատու, որն ինձ կհուշի, թե ինչպես վարվեմ բոլորի հետ»:

 Մի խոսքով, ինչպես ասում է իմաստուն խոսքը, «հարստությունը երջանկություն չի բերում մարդկանց, բայց պայմաններ է ստեղծում դրա համար»: Հարստության հետ զգույշ պետք է վարվել, դրամը դյուրավառ է, մեկ էլ տեսար՝ այրվեց իր կրակի մեջ: Փողը հաշվել է սիրում, գանձը՝ թաքցնել, հարստությունը՝ պահպանել ու խնայել...

 - Եթե գանձն իրոք մեծ է, ապա դրա մի մասը պետք է շրջանառության մեջ դնել, որպեսզի շահույթ բերի, հակառակ դեպքում դու մի երկու տարի հետո կդառնաս նույն մուրացկանը:

 - Ես նույնը երբեք չէի անի, խոզի ձագ,- գոռաց Աթանեսը:- Ես ստոր ճանապարհով ու թալանով երբեք հաց չեմ վաստակել, դա միայն քո ցեղին է վայել: Չէ՞ որ քեզ կերակրում էին էստեղ, առանց որևէ ծառայության, ուսում տալիս... ասենք թուրքն ինչ, ուսումն ինչ, ձեր արհեստը թալանելն ու սպանելն է:

 - Եթե մեզ վիճակված է հանդիպել այդ ավազակներին,- հուզված խոսեց Աթանեսը,- ապա պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Եթե խուսափել չենք կարող, ուրեմն պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Եթե խուսափել չեն կարող, ուրեմն պետք է մեր համերաշխությամբ ու կամքով նրանց ստիպենք փախչել: Մենք բոլորս մի տան զավակներ ենք, մի ընտանիքից, եթե մեզնից որևէ մեկին բախտ է վիճակված մեռնելու այդ ընտանիքի համար՝ կմեռնենք, Մարկ, Բիլ, Ալեքսանդրո, Տոտոս, հիշեք, թե մի կտոր հացի ու գիշերային ապաստանի համար ինչեր ենք արել... Մեզ հետ են նաև Սալոմե մայրիկն ու Ծովինարը... Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց...

 - Եթե լինի այնպես, որ նրանք մեզ բոլորիս այն աշխարհն ուղարկեն, ապա վերջին մարդը մահից առաջ թող վերջ տա այդ կանանց կյանքին ու նոր միայն իրեն: Իրավունք եմ տալիս ու խնդրում բոլորիդ... հայ կանայք թուրք սրիկաների ձեռքը չպիտի ընկնեն... Այդպես է մեր ավանդույթը... քրիստոնեական ավանդույթը...

 - Հրաշքներ երբեմն լինում են, Աթանես: Իհարկե, եթե մարդ խելացի է ու ազնիվ, աշխատասեր, ապա ինքը կարող է հրաշքներ գործել: Էնպես որ հրաշքներն իրենք իրենց չեն ծնվում:

 - Այո, մեր տերն է, բայց շատ բարի մարդ է, հայ է, լսե՞լ եք այդ ազգի մասին:
- Իհարկե, լսել ենք, քրիստոնյաներ են, մենք էլ քրիստոնյա արաբներ ենք: Էստեղ հանքերում հայեր կան, լավ մարդիկ են, բարի, մարդասեր...

 - Եթե մեր մահով որևէ օգուտ կբերենք գործին, եկեք պատվով մեռնենք, իսկ եթե ոչ, ապա իզուր մեռնելը անմտություն է,- ասաց Ֆիլիպը:- Իմ կարծիքով, եթե Արջն էլ լիներ, նույն որոշումը կընդուներ:

 - Տեսնո՞ւմ ես, Աթանես, եթե քեզ լսեի, ապա ծանր փաստի առաջ էինք կանգնելու, ջահել ես, ջահել ու տաքարյուն,- ասաց նավապետը, որին արդեն դուրս էին բերել տախտակամած:- Միշտ չէ, որ անձնազոհությունը հաջողություն է բերում, պետք է նաև պահը ճիշտ գնահատել, թշնամուց ավելի խորամանկ լինել:

 - Մի՛ նեղացրեք կենդանիներին ու թռչուններին, զավակներս: Յուրաքանչյուր կենդանի ու բույս, յուրաքանչյուր առարկա և, ամենակարևորը, յուրաքանչյուր մարդ արարած իր տեղն ունի այս աշխարհում, ու ոչ ոքի իրավունք չի տրված սուր ճոճել մյուսի դեմ: Դրանք բնության գեղեցկությունն են, բնության պսակը...