• Երևակայությունը նման է ստվերի... Այն հնարավոր չէ վանդակում բանտարկել... Դա անսահման կամակոր ու ճախրող արարած է: Սակայն եթե շատ փորձեմ, մի օր երևի կկարողանամ բացահայտել նրան տիրանալու գաղտնիքը:
  • Հիշում եմ՝ ինչ- որ մեկը մի անգամ մարդ արարածին բնորոշել է որպես «մարտնչող կենդանի»..., և ես ուզում եմ մարտնչել հիվանդության, ցավի ու տգիտության դեմ..., որ ձեռք ձեռքի տված քայլում են կյանքում:
  • Ես կցանկանայի կյանքն ավելի գեղեցիկ դարձնել,- ասաց Աննան երազկոտ ձայնով: - Ես չեմ ձգտում մարդկանց գիտելիքներ տալ..., թեպետ գիտեմ, որ դա է ազնվագույն մղումը... Բայց կցանկանայի, որ նրանք իմ շնորհիվ առավել հաճույքով ապրեին իրենց կյանքը..., ունենային որևէ փոքրիկ ուրախություն կամ երջանիկ գաղափար, որը նրանց ներսում չէր առկայծի, եթե ես ծնված չլինեի:
  • Աննան ի ծնե օժտված էր մարդկանց կյանքում լույս սփռելու ունակությամբ. երբ նա որևէ մեկի կյանքում հայտնվում էր արեգակի շողի պես առկայծող իր հպանցիկ ժպիտով կամ խոսքով, ապա վերջինիս համար իր առջև փռված կյանքի ճամփան, թեկուզև կարճ ժամանակով դառնում էր թովիչ ու հույսերով լի:
  • Մարդկանց համար օգտակար է անել այն, ինչը չեն սիրում... Չափավոր, իհարկե:
  • - Եթե հնարավոր լիներ տեսնել համբույրը, ապա կարծում եմ՝ այն հենց մանուշակի տեսք կունենար, - ասաց Պրիսցիլան:
    Աննայի դեմքը շողաց.
     - Անպատմելի ուրախ եմ, Պրիսցիլլա, որ դու դա մտածեցիր, բայց ներսումդ չպահեցիր, այլ բարձրաձայնեցիր: Այս աշխարհը շատ ավելի հետաքրքիր կդառնար... չնայած այն, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր է, եթե մարդիկ միշտ բարձրաձայնեին իրենց իրական մտքերը:
  • Մեր կյանքի հարուստ կամ աղքատ լինելը կախված է այս իսկ կյանքում մեր կատարած ներդրումներից, այլ ոչ թե այն ամենից, ինչ ստանում ենք կյանքից: Կյանքը հարուստ է ու լիարժեք այստեղ… ամենուրեք..., եթե միայն կարողանանք սովորել լիովին բացել մեր սրտերն այդ հարստության ու լիարժեքության առաջ:
  • Գիտե՞ք, երախտապարտ եմ հատկապես ընկերության համար: Այն չափազանց գեղեցկացնում է կյանքը:
    Ճշմարիտ ընկերությունը իսկապես շատ օգտակար է, և մենք այդ մասին շատ բարձր գաղափար պետք է ունենանք ու երբեք չապականենք այն կեղծիքով կամ անազնվությամբ:
  • Ես նաև մտածում եմ, որ մանուշակները երկնքի ծվեններ են, որոնք ցած են թափվում, երբ հրեշտակներն այնտեղ անցքեր են բացում, որ աստղերը շողան: Իսկ յուղածաղիկներն ամբողջովին արեգակի ծեր ճառագայթներից են ստեղծվել:
  • Ջիլբերթի աչքում Աննան առանձնակի հրապույր ուներ, որովհետև մշտապես վեր էր Ավոնլեայում բնակվող աղջիկներին բնորոշ մանրախնդիր նախանձից, կեղծիքից, խարդավանքից ու սիրավեպերից: Աննան իրեն այս ամենից հեռու էր պահում, բայց ոչ թե գիտակցաբար կամ հատուկ նպատակով, այլ պարզապես նման երևույթները խորթ էին աղջկա անկեղծ, ինքնաբուխ բնույթին. նրա բոլոր ցանկություններն ու արարքները բյուրեղի պես անապակ էին:
  • Դա լավ միտք է, Դայանա, ապրել այնպես, որ գեղեցկացնես անունդ, եթե անգամ այնքան էլ բարեհունչ չէ... Այնպես անել, որ մարդկանց մտքերում այդ անունը դառնա ինչ-որ լուսավոր ու հաճելի խորհրդանիշ, և մարդիկ այլևս չմտածեն դրա մասին՝ իբրև առանձին վերցրած անուն:
  • Մի լավ բան կա այս աշխարհում, որ փոփոխության ենթակա չէ... Գարուններ միշտ գալիս են:
  • Դուք, իմ գեղեցկուհի ուսուցչուհին ու ես իմ ճանաչածներից միակն ենք աշխարհում, որ կարողանում ենք երազել: Հրաշալի, չէ՞, որ հիմա մենք բոլորս ճանաչում ենք իրար: Բայց իմ կարծիքով, նման մարդիկ միշտ էլ գտնում են իրար: Իմ կարծիքով երազելը հրաշալի է:
  • «Դայանան ու Ֆրեդը սիրում են միմյանց, - հևասպառ մտածեց Աննան,- ա՜խ, դա այնքա՜ն…այքա՜ն…անհունորեն մեծական է»:
  • Այս աշխարհում պետք է լավը հուսալ, վատին պատրաստ լինել և ընդունել այն, ինչ Աստված է տալիս: