Կան այնպիսի գրքեր, որոնք կարդալուց հետո ցանկություն է առաջանում խորհուրդ տալ բոլորին ընթերցել դրանք։ Այդ գրքերից մեկն էլ «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գիրքն է։ Հեղինակը գրքում ներկայացնում է անցումային տարիքում դեռահասների մոտ ի հայտ եկած խնդիրներն առանց սթրեսների հաղթահարելու տարբերակներ՝ իրական մարդկանց կյանքից հետաքրքիր փաստերի օրինակներով։ Դեռահասները, որոնք կարդացել են գիրքը, վստահ ասում են, որ այն փոխել է իրենց աշխարհայացքը կյանքի նկատմամբ, օգնել է դուրս գալ դժվարին իրավիճակներից առանց դեպրեսիաների։ Հեղինակի օրինակները փաստում են, որ պետք է անպայման ունենալ հստակ դիրքորոշումներ և սկզբունքներ, որոնք պետք է մեր կյանքի հիմքը հանդիսանան, ունենալ հստակ նպատակ և իրականացնել այն։ Պետք է գնալ դեպի այդ նպատակի իրագործումը՝ չկենտրոնանալով ընթացքի վրա, քայլեր անել և կարևոր չէ, թե այդ քայլերը կլինեն մեծ թե փոքր, կարևորը նպատակին հասնելն է։ Սա պարտադիր կարդալու գիրք է, որը կարող է ցանկացած պահի փոխել դեռահասի կյանքը։ Հեղինակի խորհուրդները բավականին դիպուկ են և մոտիվացնող։

Անցումային տարիքում մի շրջանի ենք առնչվում, երբ ծնողն ու երեխան չեն կարողանում հասկանալ միմյանց, վեճերն ու տարաձայնություններն անխուսափելի են դառնում։ Գրքում բավականին նուրբ օրինակներով ու խորհուրդներով հեղինակը ելքեր է գտնում հարթելու ծնող-երեխա բարդ հարաբերությունները։ Այստեղ շատ կարևոր է վստահությունը։ Ամեն հարց լուծելի է, երբ կա փոխըմբռնում, սեր և վստահություն։

Ներկայացնում ենք գրքից քաղվածքներ.

• Մի ամաչիր ցույց տալ թուլությունդ, եղիր միշտ անկեղծ ինքդ քեզ հետ և մի փորձիր միշտ ուժեղ երևալ։ Երբեմն այդ ուժեղ երևալու ձգտումը կարող է հասցնել մի կետի, որից առաջ շարժվելն անհնարին կլինի։

• Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել մարդուն ձմեռվա երեք ամիսներին։ (Ճապոնական ասացվածք)

• Խուսափել համեմատվելուց և մրցակցելուց։ Այս երկու սովորությունը դանդաղ քայքայում է մեզ ներսից։ Պետք է ազատվել այս սովորություններից։

• Նախ մենք ենք ձևավորում մեր սովորությունները, ապա նրանք՝ մեզ։ (Անգլիացի պոետ)

• Սովորություններն այն գործողություններն են, որոնք մենք անում ենք պարբերաբար։ Սակայն մեծ մասամբ անգամ չենք գիտակցում, որ ունենք այս կամ այն սովորությունը։

• Դրանք ինքնակառավարման ռեժիմով են կատարվում։ Կախված իրենց բնույթից՝ մեր սովորությունները մեզ կամ բարձունքի կհասցնեն, կամ էլ կոչնչացնեն։ Մենք դառնում ենք այն, ինչ անում ենք կրկին ու կրկին։

Ցանիր միտք և կհնձես գործողություն։
Ցանիր գործողություն և կհնձես սովորություն։
Ցանիր սովորություն և կհնձես բնավորություն։
Ցանիր բնավորություն և կհնձես ճակատագիր։ (Սեմուել Սմայլս)

• Քեզ մաքուր ու փայլուն պահիր․ դու այն պատուհանն ես, որի միջոցով տեսնում ես ամբողջ աշխարհը։ (Ջորջ Բեռնարդ Շոու)

• «Եթե այն, ինչ ես կամ, այն է, ինչ ես ունեմ, ապա ո՞վ կլինեմ ես, եթե կորցնեմ ունեցվածքս»։

• Անհնար է շրջանցել օրենքը։ Մենք կարող ենք միայն ինքներս մեզ շրջանցել՝ օրենքի դեմ դուրս գալով։ (Սեսիլ Դեմիլ)

• Նախքան կյանքի հրապարակային արենաներում հաղթելը նախ պետք է հաղթես անձնական ճակատամարտեր ինքդ քո մեջ։

• Բոլոր փոփոխությունները սկսում են քեզնից։

• Ես սկսում եմ հայելու միջի մարդուց։ Խնդրում եմ, նրան փոխել իր պահվածքը։ Եվ ոչինչ ավելի պարզ չէր կարող հնչել։ Եթե ուզում ես աշխարհն ավելի լավը դարձնել, Նայիր ինքդ քեզ և արա դա։ (Սիդահ Գարեթ և Գլեն Բալլադ)

• Միշտ եղիր առաջին կարգում ինքդ քո տեսակի մեջ, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ մեկի երկրորդ կարգի կրկնօրինակը։ (Ջուդի Գարլանդ)

• Երջանկության համար պետք է ազատվել վատ հիշողություններից։ (Ռիտա Մեյ Բրաուն)

• Արհամարհիր կոպիտ խոսքը։ Խուսափիր հաջորդ անգամ նույն սխալը կրկնելուց։

• Լսելու համար, թե ինչ են ասում մյուսները, անհրաժեշտ է նաև լսել, թե նրանք ինչ չեն ասում։ Նշանակություն չունի՝ արտաքուստ որքան բարդ կթվան մարդիկ․ նրանց մեծ մասը ներքուստ դյուրազգաց է և հասկացված լինելու կարիքն ունի։

• Ճանապարհը, որ տանում է ցանկացած տեղ, իրականում ոչ մի տեղ չի տանում: Պետք է որոշես՝ որ ուղղությամբ գնալն է քեզ համար ճիշտ: Իրականում երբեք էլ վաղ չէ դրա համար: Առանց մտքում ճանապարհի ավարտի մեր սեփական տարբերակն ունենալու հաճախ հետևում ենք ինչ որ մեկին՝ ով ուզում է առաջնորդել, նույնիսկ դեպի այնպիսի բաներ, որոնք մեզ հեռուն չեն տանի:

• Մտքում վերջնագիծ տեսնելու լավագույն տարբերակը անձնական առաքելության ձևակերպումն է: Դա նման է հավատամքի կամ նշանաբանի, որը սահմանում է, թե հանուն ինչի ես ապրում քո կյանքը: Որոշ դեռահասներ օգտագործում են իրենց սիրելի ասույթները կամ գեղանկար, լուսանկար:

• Ինձ համար անվախ լինել չի նշանակում վախի բացակայություն: Դա չի նշանակում առհասարակ ոչնչից չվախենալ: Ինձ համար անվախ լինել նշանակում է ունենալ վախեր, ունենալ կասկածներ, շատ կասկածներ ու շատ վախեր: Ինձ համար անվախ լինելն ապրելն է՝ չնայած այն բաներին, որոնք քեզ մահացու վախեցնում են: