• Լինում են այնպիսի հազվագյուտ, յուրահատուկ բնավորության տեր մարդիկ, որոնք աշխարհ են գալիս չիմանալով ինչու և կյանքից հեռանում են այդպես էլ ոչինչ չհասկանալով նրանից:

• Նա ունեցել էր կորուստի ապրումներ, ճաշակել էր բախտի հարվածները, նրա մեջ կար այնպիսի մի բան, որ աշխույժ երևակայություն ունեցող մարդկանց մեջ համակրանք էր հարուցում:

• Սենատորն աղջկան քաշեց իր կողմը, և այդ պահին մշտական զգուշությունը դավաճանեց նրան: Նա զգում էր միայն մեկ բան. կատարվում է այն, ինչին նա այնքան կարոտ է եղել: Վերջապես այնքան անհաջողություններից հետո բախտը շնորհում է նրան այն, ինչ փափագել է ամենից ավել՝ սեր, սիրեցյալ կին: Նա գրկեց Ջեննիին և համբուրեց նրան նորից ու նորից:

• Որքան ավելի երկար էր հեռու մնում նրանից, այնքան ավելի էր փափագում նորից տեսնել նրան:

• Հետո շուռ եկավ և դուրս գնաց դեպի նոր կյանքը, և դուռը ծածկվեց նրա ետևից...

• Հասարակությունն ընդհանրապես շատ վատ է ճանաչում մարդկանց: Նրա միակ չափանիշն է` ինչ կասեն ուրիշները: Ինչպես երևում է, շատ քչերն են ընդունակ ինքնուրույն դատողություն անելու:

• Ամեն տուն հաստատված է նախ և առաջ մոր վրա, բայց այդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն վախճանը մոտիկ է:

• Լավ բարեկամներն իրարից չպետք է բաժանվեն, դա վտանգավոր է:

• Անդորրի մեջ ձեռք ես բերում իմաստություն:

• Կյանքը պայքար է, և եթե ուզում ես մի բան ստանալ, պետք է պայքարես:

• Ամեն խելք չի կարելի չափել մի ինչ-որ անմիտ արարքով: Ամեն մեկին չի կարելի դատել նրա մի ինչ-որ կրքով:

• Ծերունիներին ու երեխաներին միշտ կապում է մի ինչ-որ անբացատրելի բարեկամություն, մի սքանչելի և հուզիչ ներքին մոտիկություն:

• Ամեն մի խոհուն մարդու կյանքում լինում է ժամանակ, երբ նա նայում է անցյալին և ինքն իրեն հարց է տալս, թե ի՛նչ արժեք ունի ինքը և՛ մտավոր, և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ նյութական տեսակետներից: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պատանեկան խելահեղ ժամանակներն արդեն անցել են, երբ առաջին ինքնուրույն քայլերն ու ամենաեռանդուն ջանքերն արդեն արված են, և այն ամենը, ինչին ձգտել ես ու հասել, քո աչքում դառնում են անճիշտ ու անհաստատ: Եվ շատերի գիտակցության մեջ սողոսկում է հոգին ցամաքեցնող մի միտք կյանքի ունայնության մասին, մի միտք, որ ամենից լավ արտահայտել է Եկլեսիատեսը:

• Ջեննին մտածում էր, որ մարդիկ չեն կարող դիտավորյալ դաժան լինել: Նրա մեջ ապրում էր աստվածային բարության ու արդարության աղոտ պատկերացում:

• Կյանքը սքանչելի է իր և՛ վատ, և՛ լավ ժամերին, և միշտ էլ սքանչելի է եղել:

• Լավ կին. դա անբացատրելի հանելուկ է:

• Լեսթերին ջերմացնում էր Ջեննիի սերը, որ վերջինս այնպես առատորեն ցուցաբերում էր, և չէր դադարում հիանալ նրա ջահելությամբ ու գեղեցկությամբ: Ջեննիի հետ Լեսթերն ինքն էլ իրեն երիտասարդ էր զգում:

• Ոչինչ հավերժ չէ՝ բացի բարությունից, սրտագին, մարդկային բարությունից: Մնացած ամեն բան անցողիկ է երազի պես:

• Տղամարդու և կնոջ հարաբերությունների մեջ, որոնք մենք դիտում ենք այնպիսի ջերմ հետաքրքրությամբ՝ հուսալով, թե դրանցում կգտնենք կյանքի գաղտնիքը, ամենից ավելի դժվար ու ծանր են լինում այն րոպեները, երբ փոխադարձ կապվածությունը զոհաբերվում է արտաքին հանգամանքներին, որոնք այնքան հեռու են վեհությունից ու հենց զգացմունքի ուժից:

• Լեսթերն ու Ջեննին Խորապես տանջվում էին իրենց բաժանմանը նախորդող վերջին օրերին, երբ փուլ էր գալիս նրանց միասնական կյանքը այդ տանը, որտեղ ամեն ինչ սարքած էր այնպիսի սիրով, որտեղ նրանք այնքան երջանիկ ժամեր էին անցկացրել:

• Լեսթերին մորմոքում էր ոչ թե մերժված, ոտնատակ տված սերը, այլ մեղքի այն ծանր գիտակցությունը, որ ունենում է մարդը՝ իմանալով, որ ինքն ստոր հաշիվների համար հրաժարվել է բարի, նվիրական զգացմունքից: Նա շատ լավ գիտեր Ջեննիի բոլոր արժանիքները, և գնահատում էր դրանք: Այժմ ստիպված էր ընդունելու էլի մի անգնահատելի հատկությունը. նա կարողանում էր տառապել առանց տրտնջալու: Լեսթերին ապշեցնում էր նրա ազնիվ վերաբերմունքը, նա հիացած էր Ջեննիով: Ինչ էլ ասեն մարդիկ, նա սքանչելի կին է:

• Այս աշխարհում սերը բավական չէ. դա բոլորին պարզ է: Հարկավոր է նաև դաստիարակություն, հարստություն, իր ուզածը կատարելու և բանսարկելու կարողություն: Իսկ ինքը դրանով զբաղվել չի ուզում: Եվ չի էլ կարող:

• Որքան տարօրինակ է, հիվանդության օրերին նա շարունակ մտածում էր Ջեննիի մասին, և դա ոչ այն պատճառով, որ Չիկագոյում էր. Ջեննին ինչպես և առաջ, նրա համար մնում էր որպես ամենահարազատ մարդը:

• Հոգու խորքում նա չէր բաժանվել Լեսթերից, ինչպես և Լեսթերը երբեք չէր կարող մինչև վերջ կտրվել նրանից: Ջեննիի բոլոր մտքերը Լեսթերի հետ էին, ինչպես այն տարիներին, երբ նրանք ապրում էին միասին:

• - Ես չէի կարող մեռնել, առանց քեզ տեսնելու: Ես վաղուց ուզում էի քեզ ասել, Ջեննի, մենք իզուր բաժանվեցինք: Հիմա ես տեսնում եմ, որ այդպես չպետք է անեինք: Դա ինձ երջանկություն չբերեց: Դու ինձ ներիր: Հենց ինձ համար էլ ավելի լավ կլիներ, եթե այդպես չանեի:

- Դե, հիմա ես քեզ ամեն ինչ ասացի և ինձ թեթև եմ զգում: Դու լավ կին ես, Ջե՛ննի: Շնորհակալ եմ, որ եկար: Ես սիրում էի քեզ: Հիմա էլ սիրում եմ: Այո, ես ուզում էի ասել քեզ: Գուցե տարօրինակ է, բայց քեզնից բացի՝ ուրիշ ոչ մի կնոջ չեմ սիրել իսկական սիրով: Մենք չպետք է բաժանվեինք:

• Ջեննիի շունչը կտրվում էր: Այդ բառերին, ահա հենց միայն այդ բառերին էր նա սպասել երկար տարիներ: Միակ բանը, որ պակասում էր նրան, հենց այդ էր. հաստատել, որ իրենք եթե ֆիզիկապես մոտ էլ չեն, ապա հոգով միասին են: Հիմա կյանքը նրա համար երջանկություն կլինի: Մահը նույնպես: Հեկեկանքը խեղդում էր կոկորդը: