1. Ազատասիրության հայրը բռնությունն է, իսկ մայրը՝ անիրավությունը: Ես հիմա եմ հասկանում այս խոսքերի միտքը: Բռնակալը ինքն է պատրաստում իր համար թշնամիներ: Եթե թուրքը այսպես չվարվեր մեզ հետ, մենք մինչև անգամ կսիրեինք նրան, թող նա մեր մսից ու արյունից չլիներ: Այսպես մտածում էր ծերունին ու նրա սիրտը ծովի ալեկոծության նման տակն ու վրա էր լինում: Բայց ինչ կարող էր անել ուժաթափ առյուծը այնքան գայլերին: Նա զգում էր իր վիճակի դառնությունը և հնարների մասին հոգալու համարձակություն չուներ: «Մի ձեռքը ծափ չի տա», կրկնում էր նա հայտնի առածը: Եթե մեր բոլոր գյուղացիները այսպես մտածեին, այն ժամանակ մեզ մի ճար կլիներ:

2. Մի խոսքով, ամեն թշվառությունների մեջ, ամեն հալածանքների մեջ և մեր թշնամիներից կրած ամեն տեսակ եղեռնագործությունների և բարբարոսությունների մեջ միշտ գործել է հայի տապարը: Հայը ինքն է փորել իր ազգային շինվածքի հիմքը և ինքն իր ձեռքով է կործանել իր սուրբ և նվիրական հաստատությունները... ինչու՞ ենք մեղադրում օտարներին:

3. Երբ որևիցե մի ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորք է միայն և տակավին չէ ընդհանրացել, չէ տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջ, մի հարվածով կարելի է ոչնչացնել բոլորը, երբ առաջնորդող անձիքը ոչնչացրած կլինեն: Բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է:

4. Մենք այժմ միայն սերմնացանի պաշտոն պետք է կատարենք, բայց ոչ հնձողի: Հունձքը պիտի թողնենք ապագա սերունդին:

5. Վարդանը նմանում էր մի դատապարտյալի, որ մահվան սյունի վրա, խորին արհամարհանքով նայում էր դեպի անարդար աշխարհը և ծիծաղում էր չար մարդերի թեթևամտության վրա, իր մտքի մեջ ասելով. «Ահա՛ ձեր բոլոր ուժը, դրանից ավելի էլ ի՞նչ կարող էք անել… Դուք սպանում եք իմ մարմինը, բայց չեք կարող սպանել իմ սերմանած մտքերը…»

6. Թեև ռամիկ ամբոխը հետաքրքրվում է այս տեսակ տեսարաններով, բայց գյուղացիներից և ոչ ոք չհայտնվեցավ տեսնելու, թե ինչպես են աքսորում Վարդանին, այն մարդուն, որ այնքան աշխատել էր, որ այնքան գործել էր նրանց համար… Բոլորը այժմ խորշում էին ծերունու տնից, որպես ժանտախտով վարակված մի բնակարանից:

7. Միայն ծերունի հայրը դուրս եկավ ճանապարհ դնելու Վարդանին: Վերջին դժբախտություններից հետո խեղճ մարդը բոլորովին սպանված էր: Դառն հալածանքը, բռնի անարգությունը և գազանային անգթությունները իսպառ մաշել էին նրան: Նա մոտեցավ, գրկեց Վարդանին և սրտի սաստիկ շարժմունքից մի բառ անգամ չգտավ հայտնելու իր ցավակցությունը: Մի քանի կաթիլ արտասուք ասեցին շատ բան, ինչ որ չէր կարող ասել լեզուն: - Սիրտդ լեն պահիր, ծերունի հայր,- պատասխանեց նրան Վարդանը անխռով ձայնով, - ով որ ջրի մեջն է մտնում, թրջվելուց երկյուղ չպիտի ունենա… Մնացեք բարյավ:

8. Ամբողջ անցյալը մի առ մի պատկերացավ ծերունու աչքի առջև, և նա սարսափելով նկատեց, որ ինքը խաբված է։ Նա դառնությամբ պատասխանեց քահանային․ - Տեր հայր, ձեր առակը բավական անհարմար էր ձեր ընդունած միջնորդության, բայց Թոմաս էֆենդին եթե իսկապես թագավոր լիներ, դարձյալ այդ շանը աղջիկ չէի տալ։ Թող ինչ լինելու է՝ լինի։ Ես իմ տան քանդվելը և իմ ամբողջ ընտանիքի կոտորածը ավելի բարվոք կհամարեմ, քան թե ազատություն գտնել այն չարագործի ձեռքով, որ բոլորը ինքը պատրաստեց մեզ համար։ Ես այդ հասկանում եմ․․․ նա խաբեց ինձ․․․բայց դրանից հետո այլևս խաբել չի կարող․․․

9. Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցներ մարդերին, որպես սերը։ Մարդկության ամենասարսափելի հրեշները, որ դղրդում են աշխարհները,որ ներկում են արյունով երկիրները, որ ահուդողի մեջ են պահում ազգերը, խոնարհվում են, ծունկ են չոքում սիրած կնոջ առջև, այստեղ միայն նրանք մարդ են և հանդիսանում են միայն մարդկային թուլություններով։