«Արտագաղթած կարոտ»-ը ժամանակակից պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի էսսեների և պատմվածքների ժողովածուն է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…

Ձեզ ենք ներկայացնում 15 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» գրքից:

1. Վերքերս այրվում են սառնությունիցդ…Երանի կարոտներս էլ կարողանային սառել ու փշուր-փշուր լինել այնպես, ինչպես որ քո սառած սիրտը, միգուցե, երբ կրկին գարուն գա, կարոտիս ու սրտիդ հալոցքները կրկին միանան ու հոսեն դեպի օվկիանոս: Չնայած…օվկիանոսն էլ է լինում սառուցյալ…

2. Լինում է այնպես, որ հրաժեշտները լինում են բարի, իսկ բարևները՝ անհրաժեշտ։ Լինում է սակայն, որ ոչ բարև կամ հրաժեշտ այլևս չի լինում, այլ մի անձյուն ձմեռ, խավար գիշեր ու …

3. Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են… Երբեմն ուզում եմ հոգուցս առաջ ընկնել ու թռչել տեղիցս, վազել դեպի… Բայց ո՞ւր… Դեպի քեզ… ու կարևոր չի թե որտեղ ես դու, քանի կիլոմետր ես հեռու ինձանից…

4. Պատահում է, որ հեռանալով հետ ես ուղարկում մարդուն, սակայն նա մնում է հենց մեջտեղում, կես ճանապարհին` քեզանով լցված բայց քեզանից զուրկ…

5. Կարոտներն էլ են մեր երկրից արտագաղթողների պես: Երկար չեն կարողանում մնալ հեռվում: Երբ ցրտերն ընկնում են, նորից վերադառնում են ու սկսում մի տեսակ ջերմացնել…

6. Դու հեռացար, չիմանալով, որ աշնանը մեռնող սերն ամենացավոտն է, որ աշնան հեռացումներն անվերադարձ են, իսկ հետքերը՝ լվացվում են հենց նույն անձրևով, սակայն արդեն ուրիշ ու նոր կաթիլներով…

7. Երբեմն մարդուն պետք է թողնես, որ հեռանա, որովհետև պատահում է, հրաժեշտն ու հեռացումն ավելի գեղեցիկ է լինում, քան ներկայությունը: Կարոտել եմ հրաժեշտներով լեցուն ներկայությանդ:

8. Ամենագեղեցիկ հանդիպումները, դեռևս չկայացած հանդիպումներն են:

9. Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչվում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ…

10. Բառեր կան, որ չեն ասվում, բայց թնդում են օդում, պայթում կայծակի պես ու պայթեցնում սիրտդ: Ատամներդ սեղմում ես, մտքերդ ձգում ես, որ ոչինչ ի պատասխան չասես: Ուղղակի շրջվես ու հեռանաս:

11. Միշտ էլ դժվար է խոստովանել, որ կյանքիդ ամենաանմտածված, ամենահիմար քայլն ես արել: Բայց դե ինքդ քեզանից նեղանալն ավելի դժվար ու անցանկալի է քան դիմացինից դա լսելն ու վիրավորվելը: Միևնույն է, չես ընդունում և համաձայնվում:

12. Մինչև չառերեսվես հիշողություններիդ ու հնացած, բայց դեռ մտքումդ թափառող զգացողություններիդ հետ, չես կարող ոչնչացնել ու նոր զգացողությունների համար տեղ ազատել:

13. Մեզ միշտ ինչ-որ բան պակասում է… ինչ-որ մի բան՝ կապում, մի ինչ-որ բան հետ է պահում:Միշտ ինչ-որ բանից զրկվում ենք կամ էլ դատարկվում:

14. Հաճախ սիրում ենք հոգին, երբեմն էլ ամբողջ հոգով, ու միշտ, անվերջ կոտրում սրտեր. մեկ նրանց տիրելու համար, մեկ էլ տիրացած սրտից դուրս պրծնելու համար:

15. Երբեմն երկար ու նուրբ մատներին ենք խաբվում, բայց այդ նրբության միջոցով ցուրտն ավելի արագ է վազում, հաճախ էլ ուժեղ ձեռքեր ենք փնտրում, որ բարևենք, բայց սեղմումից կոտրում ենք մեր իսկ ձեռքը: