1) Իսկական աշխատանքը ներսում է տարվում։ Ուղեղի փոքրիկ մոխրագույն բջիջները, միշտ հիշե՛ք սա, mon ami:

2) - Եթե մեկ ժամվա ընթացքում մարդն ամենասարսափելի զգացողություններն է ունենում, ապա նա շատ ժամեր է ապրում։ Ձեր անգլիացի պոետներից մեկը չէ՞, որ ասել է. «Ժամանակը հաշվում են ոչ թե ժամերով, այլ սրտի զարկերով»։ - Կարծում եմ՝ Բրաունինգը, այնուամենայնիվ, ավելի ռոմանտիկ բան նկատի ուներ, քան ծովային հիվանդությունը։

3) Հանուն ո՞ւմ կինը կստեր։ Երբեմն իր համար, հաճախ՝ սիրած տղամարդու, միշտ՝ երեխաների համար։

4) - Մտածե՛ք, ընկե՛րս,- ձայնի քաջալերող հնչերանգով ասաց Պուարոն։- Կարգի՛ բերեք Ձեր մտքերը։ Գործե՛ք մեթոդիկ։ Կարգ ու կանոնով։ Դա է հաջողության գաղտնիքը։

5) - Իմ վարկածը ճշմարտությունն է,- հանգիստ ասաց Պուարոն։- Իսկ ճշմարտությունը չի կարող որևէ բանի հակասել։

6) - Նրա գործը, անշուշտ, անհետաքրքիր է։ - Ինչո՞ւ եք այդքան համոզված։ - Քանի որ այդ դեպքում նա կգար, այլ ոչ թե կգրեր։ Կանայք չեն կարողանում սպասել, միշտ հիշեք դա, Հա՛սթինգս։

7) Հարուստներն այդքան հեշտությամբ չեն բաժանվում փողից։ Անձամբ տեսել եմ մի հայտնի միլիոնատիրոջ, որ կանգնեցրել է մարդկանցով լցված տրամվայը՝ վայր գցած կեսպեննիանոցը գտնելու համար։

8) - Mon ami, երկու մարդ հազվադեպ են նույն բանը տեսնում։ Դուք, օրինակ, տեսաք աստվածուհու։ Իսկ ես...- Նա վարանեց։ - Ի՞նչ։ - Ես տեսա միայն տագնապած աչքերով աղջկա,- լուրջ ասաց Պուարոն։

9) - Ձեր պատկերացմամբ՝ կինը պետք է վախից աթոռի վրա ցատկի ու ճչա անգամ մուկ տեսնելիս։ Այդ ամենն անցյալում է։

10) - Իմ ճանաչած մեծագույն հանցագործներից ոմանք հրեշտակի դեմք ունեին,- զվարթաձայն նկատեց Պուարոն։- Մոխրագույն բջիջների այլանդակությունը միանգամայն հեշտությամբ կարող է համադրվել Տիրամոր արտաքինի հետ։

11) Մսյո Ժիրոյին շատ լավ հայտնի է, որ յուրաքանչյուր հանցագործ իր յուրահատուկ մեթոդն ունի։ Եվ երբ ոստիկանությունը հետաքննություն է անում, ասենք՝ կողոպուտի գործով, հաճախ կարող է բավական ճշգրիտ գուշակել օրինախախտի ինքնությունը՝ ընդամենը նրա կիրառած հնարքների միջոցով։ Ջեփը կհաստատեր ասածս, Հա՛սթինգս։ Մարդը կրկնվող կենդանի է։ Որքան նույն բանն է կրկնում ազնիվ ու օրինավոր կյանքում, նույնքան էլ օրենքից դուրս ապրելու դեպքում։ Երբ մարդը հանցանք է կատարում, ամեն հաջորդ հանցանքը գրեթե նույնությամբ կրկնօրինակում է մյուսին։

12) - Դուք կարող եք շատ բան իմանալ ծխուկների և լուցկիների մասին, մսյո՛ Ժիրո, իսկ ես՝ Էրքյուլ Պուարոս, գիտեմ մարդու հոգին։