Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է հայելին աղավաղում էր պատկերը։

Ներկայացնում ենք 10 մեջբերում գրքից

1.      Բոլորն ուզում են նմանվել բոլորին, և տարօրինակ լինելը համարվում է հաղթանակ բոլորի նկատմամբ, բայց տարօրինակներն էլ են մի տեսակ իրար նման։ Որովհետև բոլորը սիրում են այն, ինչ բոլորն են սիրում, ուզում են ունենալ այն, ինչ բոլորն ունեն, անել այն, ինչը բոլորն են անում։ Եվ զարմանալի է, բայց թքած ունեն բոլորի վրա։ Մեկը մյուսի վրա

 

2.      Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ, որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։ Ուրիշի տված հարցը կարող ես օդում կախված թողնել, ինքդ քեզ տված ու անպատասխան մնացած հարցերը կախվում են կոկորդիցդ, քեզ կախում են օդում՝ առանց ոտքերիդ տակ հենարանի։

 

3.      Այդ օրերին ազատության մասին իմ պատկերացումներն ավելացան ընդամենը մեկ կետով. հերթական անգամ թերթ գնելուց հետո հայացքս կանգ առավ մի գլխագրի վրա. «Օմարի լեռնանցքն ազատագրված է»: Մինչ այդ մտածում էի, որ լեռները միշտ ազատ են, որ այնտեղ միշտ ազատ են լինում, բայց պարզվեց, որ ազատ լինելու համար նախ պետք է լեռներին տիրել, քաղաքներում հանգիստ ապրելու համար պետք է անպայման լեռներ ունենալ:

 

 

4.      Այդ գրողի տարած գրողները, որ արտացոլում են մեր կյանքն ու ապրումները թղթե հայելիներում: Գրողները, սերերը, թշնամիները: Այդ բոլորը, բոլո՜րը...

             Սերերը, որոնց աչքերում տեսնում ես արտացոլանքդ:

             Թշնամիները, որոնց հարվածներից սթափվում ես ու առերեսվում ինքդ քեզ հետ:

             Բոլորը ստիպում են մեծանալ:

             Կյանքը ստիպում է մեծանալ:

 

 

5.      Զգացողությունները միշտ եղած բառերից քիչ են: Ես չեմ կարողանում դրանք ճկել բառերի թեկուզ գեղեցիկ, բայց ծանր բեռի տակ. բառերի կեղծ ապրումակցմամբ զգացմունքները մեռնում են։ Ես մոռանում եմ անհրաժեշտ բառերը, որոնք կարող են ապրեցնել մարդկանց. հատուկ չեմ անում, այդպես ստացվում է, հավանաբար այն պատճառով, որ մինչև հիմա չի ստացվել. ամեն անգամ ապրեցնելիս ես մահանում եմ։

 

6.      Ամեն ինչ ժամանակավոր է, մի օր երևի իմ ապրելու ժամանակն էլ կգա, և  ստիպված չեմ լինի կյանքիս ամենատխուր նամակը գրել նրան, ում ամենից շատ կսիրեմ, ստիպված չեմ լինի պատմել, որ դառնահամ թախիծ է իջնում հոգուս վրա:
           
            Իսկ
հիմա ես խաղաղ եմ։
            Խաղաղ
եմ մահու չափ.
            Ես այլևս չկամ...

 

7․  Միշտ մտածել եմ՝ «Աստված», թե «աստված» գրեմ: Ներքին պայքարներիս ընթացքում ամենաշատ օգտագործված բառերից է այն, որն ավելի հաճախ մտքում եմ հնչեցրել, քան արտաբերել: Խոսելիս մեծատառերը չեն նկատվում, չեն առանձնացվում: Խոսելիս բոլոր տառերը հավասար են՝ չհաշված կուլ գնացողները, իսկ գրելիս յուրաքանչյուր սխալիդ համար ամենաքիչը կես բալ հանվում է ուրիշի աչքում ունեցածդ հաշվեկշռից:

 

8․  ...Ոլորապտույտ ճանապարհի ուղեգիծը կորչում էր թանձր մառախուղի մեջ։ Վարորդը վերջին պահին էր միայն խույս տալիս հանդիպակաց բարձրացող մեքենաների հետ բախումից՝ թույլ դեղին առկայծող լուսարձակներն էին օգնության հասնում։

- Բրա՛տ, սա Հայաստան ա Հայաստանի մեջ. Շիրազն ա ասել։ Եթե ասեն, որ էստեղ ուրիշ ազգ ա ապրել, չհավատաս, էստեղ մինակ հայեր են ապրել։

Եթե ուղիղ գնաս, կհասնես Ադրբեջան, աջ ճանապարհով ընթանալիս դեռ Հայաստանի մեջ կարող ես մնալ։

- Բա պոստերը չեն երևում։

- Մնում էր պոստերն էլ երևան, ու վերջ։ Քողարկված են։ Պոստերն ինչի՞դ են պետք. ավելի լավ տեսնելու բաներ կան էս կողմերում:

- Պետք են, պետք են, պոստերը միշտ էլ պետք են:

- Պոստ պահող ա պետք, բրա՛տ, պոստ պահող:

Ու մեկ էլ պոստերն առաջ տալու հրաման տվող, թե չէ Պարոնյանի ասած՝ առաջ-առաջ պոռալով` ետ-ետ կերթանք...

 

9․  Դու էդպես էլ չհասկացար ինձ, մա՛մ: Մենք տարբեր էինք. մե՛կ է, դու ուրիշ էիր։

Դո՛ւ ինձ լույս աշխարհ բերեցիր, իսկ ես փախա էդ աշխարհից։

Ես երազում էի, դու ինձ երազանքից դեպի կյանք էիր վերադարձնում. քո երազանքները վաղուց հիշողություններ էին դարձել։ Ամենակարևոր պահերին կա՛մ լռում էիր, կա՛մ լալիս:

Մենք ապրում էինք նույն երկրում, նույն տանը, բայց ուրիշ աշխարհներում։

Դու ասում էիր. «Կեր, որ ապրես», ես ասում էի. «Կհասցնեմ ուտել. ես փորձում եմ ապրել»։ Դու ասում էիր. «Տաք հագնվիր, որ չմրսես», իսկ ես, տաքուկ երազանքներս սառը աշխարհից կեղծ խոսքերով թաքցրած, ամեն օր քայլում էի ու դեռ քայլում եմ դեպի ոչ մի տեղ։

Դու արդեն չկաս, մա՛մ, դու արդեն երկուսիս համար էլ ինչ-որ մի խորթ աշխարհում ես, իսկ ես դեռ փորձում եմ ապրել...

Ու չի ստացվում։ Միայն փորձել է ստացվում:

Դեռ...

Ո՛վ եմ ես...

Քեզ հետ:

Առանց քեզ:

Առանց ձեզ:

Պա՛պ:

Ո՞վ էիք դուք...

Մենք իրար էդպես էլ չճանաչեցինք, չհասկացանք:

Դուք հանուն մեզ տանուլ տվեցիք ձեր կյանքը, իսկ ես վերջնականապես կորցրի և՛ ինձ, և՛ ձեզ...

Դուք ուզում էիք, որ ես ապրեմ ձեր աշխարհի օրենքներով ու ճշմարտություններով, իսկ ես ընդամենն ուզում էի ապրել:

Չկաք այլևս։

Ես էլ արդեն չգիտեմ՝ ողջ եմ, թե մեռած...

 

10Ձեռքս ժամսլաքի ուղղությամբ լուռ շարժելով՝ բախվում եմ նուրբ մաշկիդ տակից դուրս ցցված թիակներիդ։

Դու ժամանակից դուրս ես։

Դու բառազրկված զգացողություն ես, որ ապրեցնում է ինձ այս հեղհեղուկ ու հարափոփոխ ժամանակներում։

Ես աչքերս պինդ փակում եմ, որ ապագան գուշակեմ։

Զուր է...                                                                                      

Դու անբարբառ ներկա ես, իսկ ես, ինչպես միշտ, մոռանում եմ ամենակարևոր բառերը, որոնք պետք է ապրեցնեն ժամանակի մեջ...