Կարեն Օհանջի «Արամյանց» վեպը արժանահավատ գեղարվեստական պատում է հայ ամենահանճարեղ ձեռներեցներից մեկի և բարեգործի՝ Միքայել Արամյանցի կյանքի մասին։ Այն նաև հայ, թիֆլիսյան և Բաքվի մտավորականության հովանավոր մեծ մարդու դրաման է։ Ներկայացնում ենք հատվածներ գրքից։


***

Իր կյանքում մի պահ, հատկապես՝  Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների հետ կապված ողբերգական իրադարձություններից հետո, Միքայելը սկսեց նկատել, որ տարիները սկսել են խելահեղ արագությամբ փոխարինել իրար, կարծես ուրիշ ռիթմ չէր էլ կարող լինել։ Անցյալում էին մնացել բուռն, սիրով ու երազանքներով լեցուն օրերը։ Ինչ-որ անհասկանալի, խառնաշփոթ ու խռովահույզ ժամանակներ էին եկել փոխարինելու դրանց։ Զգացողություն էր առաջանում, որ աշխարհը պատրաստվում է իր սովորական ընթացքի փոփոխության և ինչ-որ մի այլ թվականության։ Մոտենում էր մարդկությանն անհաշվելի տառապանքներ հասցրած Առաջին համաշխարհային պատերազմի վերջը։ Մարդիկ առաջին անգամ համընդհանուր մակարդակով զգացին երկրագնդի ու կենդանի ամենայն ինչի փխրուն լինելն ու սկսեցին միավորվել միմյանց ոչնչացնելու վերջը դնելու իրենց ցանկություններում։ Կայսրություններ կործանվեցին, դրանց փոխարեն առաջացան նոր հույսերով ու հավակնություններով նոր պետություններ։ Դրանց թվում հայտնվեց նաև Հայաստանը անկախությունը հռչակվեց Միքայել Արամյանցի՝ Թիֆլիսի տանը։

Հայկական պետության առաջին ղեկավար Ավետիք Սահակյանը նշեց Միքայել Արամյանցի հատուկ դերը ազգի համախմբման և ոչնչացումից հազարամյակներ հետո պետականություն ձեռք բերելու մեջ։


***

Աղքատ, սոված, վիրավոր, բայց հույսը չկորցրած հայերն օգնություն և արդարություն էին փնտրում: Միքայելն առաջիններից էր, որ իրենց պատմական Հայրենիքից թուրքական յաթաղանից փախած ընչազուրկ հայրենակիցների համար Վրաստանում և Հայաստանում կազմակերպեց ապաստարանների ստեղծումը:

Նորակառույց հյուրանոցում ապաստանեցին նաև բազմաթիվ հայեր՝ եվրոպական մշակույթի և արվեստի լավագույն ներկայացուցիչներ, որոնք Թիֆլիսի օպերային թատրոնի բեմում ի օգնություն գաղթականների բարեգործական համերգներ տվեցին…

‹‹Մաժեստիկ›› հյուրանոցը դեպի Օլիմպոս իր վերելքի ոչ դյուրին ուղին սկսեց մեծ փորձությունից՝ կարեկցանքի փորձությունից: Եվ այն դիմացավ այդ փորձությանը պատվով: Փարիզի ցուցահանդեսում թիֆլիսյան ‹‹Մաժեստիկ›› հյուրանոցը ճանաչվեց 1915թ. կառուցված Եվրոպայի լավագույն հյուրանոց՝ ստանալով ոսկե մեդալ և Գրան-պրի:

Միքայելն անսահման հպարտ էր, բայց սիտը շարունակում էր արնահոսել իր ժողովրդի ճակատագրից…


***

Միքայելը բնույթով զգացմունքային էր։  Նա չէր կարողանում անտարբեր անցնել գեղեցիկի կողքով՝ լիներ գեղեցիկ ծառ, սարեր, հիանալի կառույց կամ խենթացուցիչ գեղեցկուհի։

Նա սիրում էր զբոսնել Բաքվի ու Թիֆլիսի, Փարիզի ու Ցյուրիխի փողոցներում և տեսնելով հոգին գերող որևէ բան՝ երկար ժամանակ մտապահում էր, իսկ հետո նաև կյանքի էր կոչում։ Լինելով ի ծնե երազկոտ և ձեռք բերելով մեծ, առաջին հերթին՝ ֆինանսական հնարավորություններ՝ նա կրքոտ ցանկանում էր իրեն շրջապատել նորով ու անսովորով, ինչը կլիներ ակնահաճո և կոգեշնչեր։


***

Միքայելն այն հատուկենտ անձնավորությունների շարքին էր դասվում, որոնք չէին սպասում, որ օգնության համար դիմեն իրենց։ Նա ինքն էր օժանդակություն առաջարկում սոցիալական, կրթական, բժշկական և այլ հարցերի լուծման համար։