Մանթաշյանցը ողջ գիշեր վատ քնեց. հաճախ էր արթնանում: Աչք կպցրեց միայն առավոտյան կողմ, այն էլ` արևի առաջին շողերը սկսեցին վախվխելով սողոսկել ննջասենյակ ու ընկնել նրա դեմքին՝ միաժամանակ լուսավորելով սենյակը: Աշտանակի վրայի մոմերն արդեն վաղուց վառվել-վերջացել էին՝ պարաֆինապատելով մոմակալների ոսկեզօծ մակերևույթը: Արթնացավ ոչ թե արևի ճառագայթներից, այլ սենյակի դռան կտրուկ բացվելու ձայնից:
Մանթաշյանցի կինը՝ Թիֆլիսի ազնվական տոհմից սերող Դարյա Թամամշյանը, չափավոր ու երկար զգեստ հագին, կռացել ու փորձում էր շեմքից դեպի սենյակի ներս քաշել կաշեպատ ու փայտի նուրբ փորագրություններով մի մեծ բազկաթոռ: Տարօրինակ էր, բայց հրաժարվել էր աղախնի օգնությունից: Նրա հայացքում և բազկաթոռը սենյակ հրելու ձևում միաժամանակ ուժ և հեզություն էին զգացվում:
Մանթաշյանցը դեռ պառկած էր անկողնում և կոպերի արանքից լուռ հետևում էր՝ չհասկանալով, թե ինչու է Դարյան այդ մեծ բազկաթոռը փորձում սենյակ մտցնել: Կողասեղանի վրա դրված դեղերի հոտը տարածվել էր սենյակում:
Դարյա Թամամշյանին ի վերջո հաջողվեց բազկաթոռը ներս մտցնել ու տանել մահճակալի կողմ: Մանթաշյանցի ինքնազգացողությունը շատ վատ էր, բայց առավել ափսոսում էր, որ երիկամների ցավերը սաստկացել էին հենց կիրակի օրը. ամեն կիրակի առավոտյան այցելում էր Վանքի տաճար: Մանթաշյանցը մեծ գումար էր ներդրել այդ տաճարի վերականգնման գործում: Հենց Մանթաշյանցի կինը՝ ազնվազարմ Դարյան, հավաքեց դեղերն ու թաքցրեց կողասեղանի դարակում, առաջին հարկից ոտնաձայներ լսվեցին: Մանթաշյանցը կռահեց, որ մարդիկ են բարձրանում, իսկ Դարյան լռեց: Ուրիշ դեպքում, չնայած ուժեղ ցավերին, ամուսինն ինքը կբարձրանար անկողնուց, կգնար Վանքի տաճար...
Մանթաշյանցը հայացքը կտրեց բազկաթոռից և տեսավ, որ շեմքին կանգնած է Նորին Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, որին հայերն այնքան էին սիրում, որ որպես ազգի իրական հայր կոչել էին «Խրիմյան Հայրիկ»: Նա մեծ, բարի աչքեր ու երկար ճերմակ մորուս ուներ, որը նրան վերերկրային տեսք էր հաղորդում: Երեք ավելի երիտասարդ, սևամորուս հոգևորականների ուղեկցությամբ կանգնել էր շեմքին: Հագին լանջախաչով սև սքեմ էր, գլխին՝ Արարատ լեռն ու «խիստ համեստ» բնորոշվող գեղագիտությամբ հայկական եկեղեցիների գմբեթները խորհրդանշող կաթողիկոսական վեղար: Կաթողիկոսի վեղարի վրայի ադամանդակուռ խաչը որոշ չափով փոխում էր սենյակի լուսավորությունը. նա առաջին անգամ էր Մանթաշյանցին տեսնում նման թույլ և անօգնական վիճակում:
Դարյան աննկատ լքեց ննջարանը: Տեսնելով կաթողիկոսին իր ննջարանում՝ Մանթաշյանցը փորձեց վեր կենալ անկողնուց, բայց նախ չկարողացավ, հետո էլ կաթողիկոսը հայացքով հասկացրեց, որ հարկավոր չէ, և ինքը մոտեցավ մահճակալին: Մյուս երեք հոգևորականները շրջվեցին ու դուրս եկան ննջարանից՝ դուռն իրենց հետևից ծածկելով:
Կաթողիկոսն ու Մանթաշյանցը սենյակում առանձին մնացին: Խրիմյան Հայրիկը նստեց բազկաթոռին և ուղղեց սքեմի փեշերը: Նրա դեմքն ու ձեռքերը պատված էին խոր կնճիռներով: Ռուսական կայսրության շատ քաղաքական գործիչների դուր չէր գալիս Մկրտիչ Խրիմյանի աննկուն և ըմբոստ բնավորությունը: Նա Վանից էր: Անկողնում պառկած Մանթաշյանցը խոսեց.
-Ինձ ոչինչ չէին ասել: Ես ինքս կգայի եկեղեցի...
-Ինձ ասացին, որ հիվանդ եք, և ես չէի կարող մինչև մեկնումս չայցելել Ձեզ: Ինչպե՞ս եք Ձեզ զգում,- նրան հանգստացրեց Խրիմյան Հայրիկը:
-Դեղորայքից հետո վիճակս ավելի վատացավ: Հետաքրքիր է, ո՞վ է հնարել դեղերը: Առավոտյան կողմ հազիվ աչք կպցրի,- պատասխանեց Մանթաշյանցը:
Կաթողիկոսի դեմքը տագնապ էր արտահայտում:
-Ես կաղոթեմ Ձեզ համար:
Մանթաշյանցը ռուսերենի, վրացերենի, անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և անգամ պարսկերենի էր տիրապետում, բայց Խրիմյան Հայրիկի հետ հայերեն էր խոսում․ այդպես ճիշտ էր: Ննջարանում տիրող ընդհանուր տագնապը կապված էր ոչ միայն Մանթաշյանցի առողջական վիճակի հետ: Հասկանալով, որ Խրիմյան Հայրիկի գործերն այդքան էլ լավ չեն, և մոռանալով շնորհակալություն հայտնել ապագա աղոթքի համար՝ ասաց.
-Վեհափա՛ռ Տեր, կարող եք ուղիղ ասել՝ ինչ է պատահել:
Խրիմյան Հայրիկը չշտապեց պատասխանել. հայացքն ուղղելով ալ կարմիր վարագույրներից դեռ թափանցող արևի առավոտյան շողերի կողմ՝ փոքր-ինչ մտասուզվեց, ապա արագ զննեց շուրջբոլորը ՝ կարծես փորձելով համոզվել, որ իրենց ոչ ոք չի գաղտնալսում, չնայած դրա մասին խոսք լինել չէր կարող: Մանթաշյանցը ձգտում էր կաթողիկոսի ոչ մի շարժում, դեմքի արտահայտության ոչ մի փոփոխություն բաց չթողնել: Հասկանում էր՝ հարցը միայն գումարը չի: Մահճակալի կողքի բազկաթոռին նստած կաթողիկոսը Մանթաշյանցին մոտենալու համար մի փոքր էլ թեքվեց և հազիվ լսելի ձայնով շշնջաց.
-Ինձ տեղեկություներ են հասել, որ Նորին մեծություն կայսրը պատրաստվում է հայ եկեղեցու և դպրոցների ունեցվածքը բռնագրավելու մասին օրենք հրապարակել:
Շշնջաց ու հանգստացավ: Հիմա արդեն մտքերի մեջ ընկավ Մանթաշյանցը: Որոշ ժամանակ անց հետևեց հարցը.
- Դուք Սանկտ Պետերբուրգում եղե՞լ եք:
-Վերջին անգամ 1895 թվականին եմ այնտեղ եղել, ինձ Նորին գերազանցություն Նիկոլայ II կայսրն ընդունեց, պարգևատրեց Անդրեաս Նախակոչ սուրբ առաքյալի կայսերական շքանշանով: Անգամ կարճ զրույց, քննարկում ունեցանք Հայկական հարցի շուրջ, և հավաստիացրեց, որ ամեն կերպ կաջակցի հարցը հօգուտ մեզ լուցելու խնդրում: Բայց երբ նույն տարում Կոստանդնուպոլսում տեղի ունեցան հայերի կոտորածները, կայսերն ուղղած բոլոր նամակներս անպատասխան մնացին:
Մանթաշյանցը մի պահ աչքերը փակեց, իսկ կաթողիկոսին թվաց, թե նա քնեց: Աչքերը թեթև բացելով՝ հարցրեց.
-Իսկ Դուք ի՞նչ ձեռնարկեցիք:
-Ես ինքս սկսեցի այդ հարցով զբաղվել. չկար մեկը, ում վրա կարելի կլիներ հույս դնել: Գաղթականներին ապաստան տվեցի Էջմիածնում, իսկ հետո սկսեցի գումար հանգանակել, որպեսզի օգնեմ Արևմտյան Հայաստանի գաղթականներին տեղավորվել Արևելյան Հայաստանում: Շատերին իմ այդ քայլը դուր չեկավ,- նույն տոնայնությամբ պատասխանեց Խրիմյան Հայրիկը:
Մանթաշյանցն աչքերը բացեց.
-Հատկապես ո՞ւմ:
-Կովկասի փոխարքա իշխան Գրիգորի Գոլիցինին:
Մանթաշյանցը մեղմ ժպտաց, ինչից կաթողիկոսը տարակուսեց.
-Ենթադրում եմ՝ նա միակը չէ, որ չի կարողանում կուլ տալ հայրենիքի և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր սերը:
-Կայսրության ներքին գործերի նախարար, սենատոր և գաղտնի խորհրդական Վյաչեսլավ ֆոն Պլևեն նույնպես…
Մանթաշյանցը, չգիտես ինչու, փոքր-ինչ մռայլվեց և հարցրեց.
-Որի նախորդին սպանեցի՞ն:
Կաթողիկոսը կրկին շտապով շուրջբոլորը զննեց ու նորից շշնջաց.
-Այո՛, նախարար Սիպյագինին սպանեցին անցած տարի: Մեծ աղմուկ բարձրացավ․ ես այդ մասին թերթերից իմացա:
-Հաշվենք՝ Աստված է նրան պատժել: Հուսանք` Պլևեն դասեր կքաղի,- քմծիծաղեց Մանթաշյանցը:
Որպես քրիստոնյա՝ կաթողիկոսն այդ առթիվ հիացմունք չարտահայտեց, բայց Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարն, իրոք, թշնամի դարձավ, երբ իմացավ, որ հայոց պատրիարքը ազգային շարժում է կազմակերպել: Նախարարի հրամանով մտավորականության շատ ներկայացուցիչներ, քաղաքական և ռազմական գործիչներ սկսեցին մեղադրել նրան: Ննջարանում տիրող դադարը խախտեց Մանթաշյանցը.
-Ի՞նչ եք պատրաստվում անել, եթե կայսրը հրաման արձակի հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին:
-Ես ողջ հայ հոգևորականությանը կհրամայեմ չենթարկվել այդ հրամանագրին: Ես ուզում եմ, որ Էջմիածնի տաճարը ողջ հայության համար կենտրոն դառնա:
Կաթողիկոսի այդ հայտարարությունը շատ զարմացրեց Մանթաշյանցին: Որպես իրական առևտրական՝ նրան հաջողվեց թաքցնել հուզմունքը, զգացմունքները՝ ոչ: Մի փոքր բարձրացավ տեղից, ուղղեց բարձն ու դիմեց կաթողիկոսին: Ջերմ մթնոլորտով պայմանավորված մտերմիկ տոնայնությունը վերափոխվեց պաշտոնականի.
-Վեհափա՛ռ Տեր, ես տեղյակ եմ, որ Էջմիածնի Մայր տաճարը լուրջ նորոգության կարիք ունի: Ինձ զեկուցել են, որ քառասուն հազար կարժենա վերանորոգումը, և որպես երախտագիտություն այն բանի, որ ազգիս հոգևոր հայր Նորին սրբությունը հարկ համարեց անձամբ այցելել իմ տուն իմ հիվանդությանս ընթացքում` ինձ վրա եմ վերցնում հայոց գլխավոր եկեղեցու նորոգման ամբողջ ծախսը:
Աննկուն և ըմբոստ բնավորությամբ հանդերձ՝ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն, իրոք, շատ բարի և տխուր աչքեր ուներ, որոնցում կարծես խտացել էր հայ ժողովրդի` վերջին կոտորածների պատճառած ողջ թախիծը: Դրանք այժմ լի էին գոհունակությամբ, սակայն հուզմունքի պատճառով բնավ չէր կարողանում խոսքերով արտահայտել իր երախտագիությունը: Իսկ Մանթաշյանցն ակնկալիք չուներ. երբեք շնորհակալության չէր սպասում: Կաթողիկոսի դեպքում նա առաջ ընկավ և չթողեց, որ վերջինս շնորհակալություն հայտնի.
-Որպեսզի Էջմիածինն իրավամբ ամբողջ աշխարհի հայության համար դառնա կենտրոն, տաճարի վերանորոգումից բացի, կարծում եմ, անհրաժեշտ է նաև նոր Վեհարան: Դա կլինի մեր պատասխանը բոլոր նրանց, ովքեր մահ են ցանկանում հայ ժողովրդին: Վեհարանի շինարարության համար ես կհատկացնեմ երկու հարյուր հիսուն հազար ռուբլի:
Խրիմյան Հայրիկն այլև ոչինչ չկարողացավ ասել: Նա իր աջի մեջ առավ Մանթաշյանցի թույլ ափն ու զգուշությամբ սեղմեց այն: Ընդհանրապես հակառակն է լինում՝ համբուրում են կաթողիկոսի աջը, բայց այդ օրն այլ կերպ ստացվեց․ դա շատ ձևական կլիներ, իսկ կաթողիկոսն ու Մանթաշյանցն այդ պահին չափազանց անկեղծ էին: Անկողնում պառկած՝ Մանթաշյանցը ոչ այն է ցավից, ոչ այն է հանգստությունից կրկին փակեց աչքերը: Նրա ձեռքը դեռ Խրիմյան Հայրիկի ափի մեջ էին: Կաթողիկոսն արդեն պատրաստվում էր հեռանալ, երբ Մանթաշյանցը կրկին բացեց աչքերն ու ցածրաձայն ասաց.
-Վեհափա՛ռ, ես գեթ մեկ խնդրանք ունեմ:
Կաթողիկոսը նորից նստեց բազկաթոռին ու ասաց.
-Լսում եմ Ձեզ:
-Շատ կցանկանայի, որ Ձերդ սրբությունը վերանորոգման հանձնախմբի մեջ ընդգրկեր վանական երաժիշտ Կոմիտասին, որին մի ժամանակ օգնել եմ ուսման նպատակով Գերմանիա ուղևորվել: Ընդգրկե՛ք նրան հանձնաժողովի մեջ, չեք զղջա:
Կաթողիկոսը, որպես հավանության նշան, գլխով արեց, բայց ոչինչ չասելով՝ այժմ արդեն վերջնական վեր կացավ, կանգնած օրհնեց Մանթաշյանցին և շարժվեց դռան կողմ: Շատ դանդաղ էր գնում, և Մանթաշյանցը, աչքերը կիսափակ, հայացքով երկար հետևում էր նրան: Ալ կարմիր վարագույրներից թափանցող վաղորդյան արևի թույլ ճառագայթները ազգի հեռացող հայրապետի հետևից անհետացան: Մանթաշյանցը լուռ հետևում էր և դեռ չգիտեր, որ այլևս երբեք չեն հանդիպելու: Նիկոլայ II կայսրը նույն տարվա հունիսին իրոք հրապարակեց օրենք, որով բռնագրավման էր ենթակա հայ եկեղեցուն և դպրոցներին պատկանող ողջ գույքը, իսկ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն իր խոսքի տերն եղավ ու ողջ հոգևորականությանը հրամայեց չենթարկվել այդ օրենքին: Ավելին, նա կազմակերպեց և գլխավորեց այդ օրենքի դեմ հայ ժողովրդի զանգվածային բողոքը: Հետագայում մերժելու էր նաև Նորին մեծություն կայսեր պետքարտուղար Պյոտր Ստոլիպինի այն հրամանը, ըստ որի՝ կովկասյան ազգերը երդմնակալության բոլոր արարողությունները պետք է անց կացնեին ռուսերենով: Խրիմյան Հայրիկի անհնազանդությունն իրական ցասում առաջացրեց, և Գրիգորի Սերգեևիչ Գոլիցինը պատրաստվում էր ցարի հրամանին չենթարկվող հայոց կաթողիկոսի դեմ քաղաքական գործընթաց սկսել: Բացի այդ՝ Խրիմյան Հայրիկին մեղադրեցին Ռուսական և Օսմանյան կայսրություններում հայ ազգային կազմակերպություններին մեծ գումարներ հատկացնելու մեջ: Երկու կայսրություններում էլ կարծում էին, որ հայ ազգայնական-հեղափոխականներն իրենց մեջ վտանգ են պարունակում: Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյան Հայրիկի ամբողջ անհնազանդությունը հանգեցրեց նրան, որ երկու տարի անց՝ 1905 թ. օգոստոսի 1-ին, Նորին մեծություն համայն Ռուսիո կայսր Նիկոլայ II-ը նոր օրենք ստորագրեց, որով վերադարձվում էր հայ եկեղեցուց և դպրոցներից բռնագրավված գույքը: Արևելյան Հայաստանում կրկին թույլատրվում էր հայկական դպրոցներ բացել…
Խրիմյան Հայրիկը կամացուկ հեռացավ ննջարանից: Մանթաշյանցը սևեռված, հոգնած աչքերով նայում էր արդեն փակ դռանը:
Հընթացս Վանքի տաճարում ավարտվեց կիրակնօրյա պատարագը: Եկեղեցին կառուցվել է շատ դարեր առաջ, վստահեցնում են՝ Գրիգոր Լուսավորչի հայրապետության օրոք, իսկ գեղեցիկ լեգենդի համաձայն՝ այն կառուցել էր Օսմանյան կայսրությունից փախած և քրիստոնեություն ընդունած մի թուրք փաշա: Այնտեղ գերեզմանոց էլ կար, ուր հանգչում էին Գաբրիել Այվազյանի՝ մեծ ծովանկարիչ Այվազովսկու եղբոր, կոմս Լոռիս-Մելիքովի և այլոց աճյունները:
Պատարագից հետո եկեղեցին դատարկվեց: Հակառակ նրան, որ մարտ ամիսն էր՝ օրն արևոտ էր: Գմբեթից բարձր պատուհաններից արևի ճառագայթները տաճար էին թափանցում այնպես, ինչպես ալ կարմիր վարագույրներից ներս էին սողոսկում Մանթաշյանցի տուն: Տաճարը եռախորան էր: Գլուխները ծածկած մի քանի տարեց կանայք Սուրբ Աստվածածնի սրբապատկերի դիմացից լուռ հավաքում էին վառված մոմերի մնացորդները: Թեպետ ըստ լեգենդի տաճարը թուրք փաշա է կառուցել, 1795 թ. Աղա Մոհամմադ խանի բանակն այն ավիրել էր: Երկար տարիներ, անգամ դարեր շարունակ տաճարը վերանորոգման կարիք ուներ: 1901 թվականին ավարտված վերանորոգումն ամբողջությամբ իր վրա վերցրեց Մանթաշյանցը: Շատ էր սիրում այդ տաճարը, և ուզում էր, որ իր մարմինը հանգչի տեղի գերեզմանատանը: