«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ամփոփում է տարին՝ ներկայացնելով 2020թ․-ի 10 բեսթսելերները։ Մեկը մյուսից յուրօրինակ ու հետաքրքրաշարժ այս գրքերը գրավել են տարբեր երկրների միլիոնավոր ընթերցողների, ինչպես նաև հայ ընթերցասերների սրտերը։

10․ Էրիխ Մարիա Ռեմարկի գլուխգործոցներից մեկը՝ «Երեք ընկեր» ստեղծագործությունը, պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:

9․ Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից մեկը՝ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը, 9-րդ հորիզոնականում է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ որևէ կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:

8․ Աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից «Ո՞ւր է իմ պանիրը» 8-րդ հորիզոնականում է։ Սա պատմություն է փոփոխության մասին։ Գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ։ Դրանով գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը, ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:

7․ Ագաթա Քրիստիի՝ 1926թ. լույս տեսած «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Այս չափազանց հակասական գործը իր նորարարական վերջաբանով նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ: Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից: Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում: Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել է հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը: Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը:

6․ Ագաթա Քրիստիի բնորոշմամբ իր ստեղծագործություններից ամենադժվարը՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը, որ մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ գործը, հասցրել է սիրվել նաև հայ ընթերցողների կողմից: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ:

5․ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Այս գրքում Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Հեղինակը խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

4․  Համաշխարհային ամենաճանաչված բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթի անցած ուղին պատմող «Կոշկավաճառը» բեսթսելերը մեր 4-րդ հորիզոնականում է։ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն նա կարողացավ այդ ամենը պատվով հաղթահարել: Այս գրքում Նայթը բացահայտում է իր ընկերության պատմությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

3․ Ջոն Գրինի հանրահայտ «Աստղերն են մեղավոր» գիրքը բացում է մեր լավագույն եռյակը։ Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, և նրա կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում:

2․ 2-րդ հորիզոնականում «Սիրելու արվեստը» գիրքն է՝ միջազգային բեսթսելեր, որ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարևորում է հեղինակը՝ Ֆրոմը, այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից և քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում և կենտրոնացում, ինչպես նաեւ գիտելիք ու ըմբռնում:

1․ Դե իսկ առաջինը համամարդկային բեսթսելեր «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքն է։ Հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին. ուժերի ծաղկման շրջանում նա մտածում էր ինքնասպանության մասին, քանի որ կորցրել էր ամեն ինչ՝ աշխատանքը, տունը, կյանքի իմաստը, ու հայտնվել հուսահատության խոր անդունդում: Բայց նա կարողացավ հաղթահարել այս ամենն ու մագլցել հաջողության բարձունքներով: Իր սեփական փորձը նա հետագայում դարձրեց հազարավոր մարդկանց հաջողության հասնելու միջոց, նրանց հնարավորություն տվեց հաղթահարելու ճգնաժամերն ու հասնել հաջողությունների: «Անհաջողությունների սպանդանոցն իմ ճակատագիրը չէ: Ես պայքարելու եմ, մինչև հաջողության հասնեմ»:

Իսկ դուք ո՞ր գրքերն եք հասցրել կարդալ։