Ամեն քարտեզ իր լեգենդն ունի։ Բացառություն չէ 1928 թ. հուլիսի 31-ի «Կարմիր գծի» համաձայնագրին կցված քարտեզը։ Համաձայնագրով՝ մեզ ծանոթ BP, ExxonMobil, Total և Royal Dutch-Shell ընկերությունները համադրելու էին իրենց ուժերը Միջին Արևելքում։ Տարածաշրջանի նավթի վրա իշխանության համար միմյանց դեմ պայքարի փոխարեն՝ նրանք միավորվելու են որպես մեկ համատեղ ձեռնարկություն՝ Turkish Petroleum Company։ TPC-ն Գալուստ Գյուլբենկյանի զավակն էր, կամ ավելի ճիշտ՝ նրա «տունը»՝ հիմնադրված 1912-ին։ 1914 թվականին Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը տվեց իր օրհնությունը. մրցակից իշխանությունները պետք է համագործակցեին ո՛չ միայն նավթով հարուստ օսմանյան Մոսուլ և Բաղդադ նահանգներում, այլ նաև ամբողջ «Ասիայի Օսմանյան կայսրությունում»։

1928 թվականին, այնուամենայնիվ, «Ասիայի Օսմանյան կայսրությունն» արդեն մի հեռավոր հուշ էր։ Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էր կայսրությունը փլուզվել՝ պատճառ դառնալով ցեղասպանական բռնությունների մի մեծ ալիքի, որին զոհ դարձավ Գյուլբենկյանի հայրենակից մեկ միլիոն հայ։ Ֆրանսիական և բրիտանական ենթամանդատային տարածքների ու հանձնակատար պետությունների մի խառնապատկերից սկսել էին կազմավորվել նոր երկիր-պետություններ, որոնք այսօր հայտնի են որպես Իրաք, Հորդանան և Սաուդյան Արաբիա։ Զարմանալի չէ, հետևաբար, որ երբ հարցը հասավ «Ասիայի Օսմանյան կայսրության» սահմանները որոշելուն՝ այնպես, ինչպես այն եղել էր 1914 թվականին, նավթագետներ, որոնք 1928 թվականի այդ օրն Օստենդեում էին՝ գլուխները կորցրին։ Կատարյալ խառնաշփոթ էր, քանի դեռ Գալուստ Գյուլբենկյանը չմիջամտեց։

Այն պահին, երբ կոնֆերանսը, թվում է, տապալվում էր, նա դարձյալ հղացավ իր փայլուն գաղափարներից մեկը։ Պահանջեց Միջին Արևելքի մեծ քարտեզը, վերցրեց մի հաստ կարմիր մատիտ և հանգիստ ու դանդաղ կարմիր շրջագծի մեջ առավ կենտրոնական տարածքը։

«Սա է այն Օսմանյան կայսրությունը, որը ես իմացել եմ 1914թ, - ասաց նա։ - Եվ ես չէի կարող չիմանալ։ Ես այնտեղ եմ ծնվել, այնտեղ եմ ապրել և նրան եմ ծառայել։ Եթե որևէ մեկը ինձանից լավ գիտի, թող ասի...»։

Գյուլբենկյանի՝ TPC գործընկերները ուշադիր զննեցին քարտեզը. ամեն բան հրաշալի էր։ Այս գրառումը, որը վերցված է Ռալֆ Հյուինզի 1957թ. գրված կենսագրականից, շարունակվում է այսպես. «Գյուլբենկյանը ստեղծել էր Միջին Արևելքի նավթարդյունաբերության մշակման մի հիմնակառույց, որը պահպանվեց մինչև 1948թ., և իր բնույթով ևս մեկ չգերազանցված միանձնյա սխրագործություն էր միջազգային մեծ բիզնեսում»։

1916թ.՝ Սայքս-Պիկոյի համաձայնագրի շրջանակներում, ողբալիորեն վատատեղյակ կայսերական պրոկոնսուլները գծեցին Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանները՝ մի շարք ուղիղ գծեր քաշելով, գծեր, որոնք տուրք չէին մատուցում ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ սոցիալ-տնտեսական աշխարհագրությանը։

Թերևս ամենաանփառունակ օրինակը «Չերչիլի փռշտոցն» է (1921)՝ եռանկյունաձև քաշած գծերի շարքը Հորդանանի հարավային սահմանի մոտ, որը, ըստ ենթադրության, պետական գործչի մինչ այդ ունեցած կարճատև ժամանցի հետևանքն էր։ Համաձայն Հյուինզի շարադրանքի՝ Գյուլբենկյանի ժեստն ավելի շուտ սպրեցատուրա է, քան՝ փռշտոց, և խոսում է որոշակի փորձագիտության մասին, որը պակասում էր սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրին, փորձագիտություն, որը ծնունդ էր առել անձնական և մասնագիտական փորձից։ Հեղինակի նկարագրության տոնն ու լրջությունը, այսուհանդերձ, Գյուլբենկյանին այն պետական գործչի հեղինակությունն են հաղորդում, որ գրիչի մեկ շարժումով ի զորու է վճռել միլիոնավոր մարդկանց ճակատագրեր։

Շատ ժամանակակիցներ, ինչպես նաև որոշ պատմաբաններ, նրա գաղտնապահությունը վերագրել են ավելի շատ իր երկակիությանը, քան՝ համեստությանը։ Սովորական բան է Գյուլբենկյանի մասին լսել, որպես թե նա «մութ, հայ մանիպուլյատոր» է, «հակակրելի» կերպար, որ իր ազդեցությունը, ինչպես և իր «հինգ տոկոսը» ձեռք է բերել «առատ կաշառքներ բաժանելով»։

Նավթի հետ կապված շատ այլ պատմություններ ավելի բարեհաճ են։ Դանիել Յերգինն իր՝ նավթարդյունաբերության մասին Պուլիցերյան մրցանակի արժանացած «Պրիզը» գրքում Գյուլբենկյանին մեծն Ռոքֆելերի, Գեթթիի ու Մաթեի հետ նույն մակարդակի վրա է դնում՝ որպես մեկը «խոշոր, համարձակ նավթարդյունահանողներից»։ Գալուստ Գյուլբենկյանն այսօր եթե հայտնի է, ապա որպես այն մարդը, որ «Կարմիր գիծը» քաշեց, որը շրջադարձային կետ դարձավ նավթարդյունաբերության և Միջին Արևելքի պատմության մեջ։ 1928թ. «Կարմիր գծի» համաձայնագիրը ներառում էր Գյուլբենկյանի՝ TPC ընկերության նավթից անձնական հինգ տոկոսի հավակնությունը, որը նա հետագայում հանձնեց Partex ընկերությանը, որն առ այսօր գործում է։

Մինչդեռ ավելի ուշադիր քննության դեպքում լեգենդը փլվում է։ Թեև քարտեզն, անշուշտ, մնացել էր մինչև բանակցությունների վերջին պահը, որն իր բարձրակետին հասավ Օստենդեում, Գյուլբենկյանին դա շատ քիչ էր հետաքրքրում։

1923թ. Լոզանի կոնֆերանսում համաձայնության չհանգելով՝ սահմանների հարցը քննարկման հանձնվեց Ազգերի լիգային։ Լիգան Հունգարիայի նախկին վարչապետ Կոմս Փալ Թելեքիին հանձնարարեց քննիչ հանձնաժողով կանոնակարգել։ 1925թ. հունիսին Գյուլբենկյանն առաջարկեց Թելեքիին քարտեզներն այնպես գծել տալ, որ Մոսուլի նավթահանքերն ընկնեին սահմանի «աջ» (իրաքյան) կողմում։ Թելեքիի քարտեզագիրը, ինչպես բացատրեց նա իր TPC գործընկերներին, օսմանյան նույն հին քարտեզագիրն էր՝ Զատիկ Խանզադյան անունով մի հայ։ Խանզադյանը գիտեր, թե Գյուլբենկյանն ինչ դեր ուներ TPC-ում և մի երկուստեք ծանոթ դպրոցական ընկերոջ՝ Արամ Ջևհիրջյանի միջնորդությամբ մոտեցել էր Գյուլբենկյանին։

«Խանզադյանը տեղանքի ամեն մի անկյունը գիտի, և քանի որ մյուս անդամները [հանձնաժողովի] քարտեզագիրներ չեն, իր ձեռքին է քարտեզը գծելը՝ համաձայն տեղագրական դիրքավորման որոշակի հրահանգների։ Ինձ գլխի է գցում, որ կարող է ուզած ձևով փոխել այն։ Այսպիսով, Խանզադյանը փափագում է ինձ հետ անձամբ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ՝ հուսալով, որ իմ իսկ դիրքի ու անվան համար այս ամենը կմնա [գաղտնի]։ Նա ցանկանում է իմանալ, թե որոնք են այն կետերը, որ մեր ընկերությունը կցանկանար, որ լինեն Իրաքի կողմում»։

Ի՞նչ կարիք կա անհանգստանալու և պայմանականությունների, արձանագրությունների ու պայմանագրերի հետևից ընկնելու, երբ միջազգային սահմանները կարելի է ամրագրել քո ուզած ձևով՝ ընդամենը 2000 ֆունտ ստերլինգով (100.000 ֆունտ ստերլինգ): Այլոք, գուցե, գնային սկզբից: Գյուլբենկյանը գնաց վերջից: