«Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպն, անկասկած, դետեկտիվ ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ Ագաթա Քրիստիի «արևելյան ցիկլի» վառ օրինակներից։ Առաջին անգամ 1934 թվականին տպագրված գրքում ևս մեկ անգամ հանդիպում ենք բելգիացի հանրահայտ խուզարկուի՝ Էրքյուլ Պուարոյի մասնագիտական հմտությունների դրսևորմանը, որ իր ճկուն տրամաբանության և յուրօրինակ մեթոդների շնորհիվ բացահայտում է անչափ հետաքրքիր մի հանցագործություն։

    Եվ այսպես, ներկայացնում ենք 10 փոքր հատված «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպից։

    1. - Համաձա՞յն եք։ Կարծում եմ՝ դեռ երբեք նման բան չի արվել, թեև դա էլ իր ռոմանտիկան ունի, ընկե՛րս։ Մեր շուրջն ամեն կարգի, ամեն ազգության, ամեն տարիքի մարդիկ են։ Եվ այս մարդիկ՝ մեկը մյուսին անծանոթ, երեք օրով համախմբվել են․ նրանք ուտում և քնում են մեկ հարկի տակ և չեն էլ կարող փախչել իրարից։ Երեք օր անց նրանք կբաժանվեն, ամեն մեկն իր ճանապարհով կգնա և, հավանաբար, այլևս երբեք չեն հանդիպի միմյանց։
    - Սակայն, պատկերացրեք դժբախտ պատահար..., - ասաց Պուարոն։

    2. - Այս գործում ամենահետաքրքիրն ինձ համար այն է, որ մենք չունենք այն հնարավորությունները, որոնք ունի ոստիկանությունը։ Մենք ի վիճակի չենք ստուգելու այս մարդկանց ցուցմունքների ճշմարտացիությունը, միայն կարող ենք հույսներս դնել դեդուկցիայի մեթոդի վրա։ Դա այս գործն ավելի գրավիչ է դարձնում ինձ համար։ Ոչ մի հարկադրված ձևականություն չպետք է պահվի, միայն միտքն է պետք լարել։ Ես ինձ հարց եմ տալիս, թե արդյո՞ք Հարդմանի ցուցմունքներին արժե հավատալ, որին պատասխանում եմ՝ «այո»։ Կարծում եմ՝ կարող ենք հավատալ այն ամենին, ինչ Հարդմանը պատմում է իր մասին։
    - Դուք Ձեր հույսը դնում եք ինտուիցիայի՞, թե՞, ինչպես ամերիկացիներն են ասում, հոտառության վրա,- հարցրեց բժիշկ Կոնստանտինը։ 
    - Ո՛չ, ընդհանրապես։ Ես հաշվի եմ առնում բոլոր հնարավոր տարբերակները։ Հարդմանը կեղծ անձնագրով է ճամփորդում, ինչն արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս։ Առաջին բանը, որ կանի ոստիկանությունը, երբ ժամանի, դա Հարդմանին կալանավորելն ու Նյու Յորքի հետ կապ հաստատելն է, որպեսզի հասկանա՝ նա ճի՞շտ է խոսում, թե ոչ։ Ուղևորներից շատերի դեպքում դժվար կլինի ստուգել ցուցմունքների ճշմարտացիությունը, մեծամասամբ դա չի էլ հաջողվի, հատկապես, եթե նրանք կասկածի ոչ մի առիթ չեն տալիս։ Իսկ Հարդմանի դեպքում հեշտ է պարզելը, անկախ այն հանգամանքից՝ նա այն մարդն է, ինչպես ներկայանում է, թե ոչ։ Ահա թե ինչու եմ մտածում, որ ամեն բան պիտի որ կարգին լինի։

    3․ Պուարոն կշտամբալից օրորեց գլուխը։ 
    - Սխալվում եք։ Դուք հակված եք սայլը ձիու առջև դնել։ Մինչև ինքս ինձ հարցնելը, թե ուր անհետացավ այդ մարդը, նախ՝ հարցնում եմ՝ արդյո՞ք նման մարդ իսկապես գոյություն ունի։ Մտածեք՝ որքան հեշտ է անհետացնել մարդուն, եթե նա հորինված է, մտացածին։ Հետևաբար, նախևառաջ, փորձում եմ հասկանալ՝ արդյո՞ք մսից ու արյունից այդպիսի մարդ կա։

    4․ - Չե՞ք կարծում, որ գոյություն չունեցող բանի շուրջ իրարանցում եք սարքում, պարո՛ն Պուարո։ 
    Պուարոն ձեռքերը տարածեց՝ որպես ներողության նշան։ 
    - Հավանաբար, դա մեր՝ խուզարկուներիս թերությունն է։ Մենք կարծում ենք, որ պահվածքը պետք է միշտ հաստատուն լինի, և այն չենք կապում տրամադրության փոփոխության հետ։

    5․ Բժիշկ Կոնստանտինն այսպես էր մտածում. «Այս փոքրամարմին մարդը շատ տարօրինակ է. հանճա՞ր է նա, թե՞ ինչ-որ քմահաճ մեկը։ Արդյո՞ք նա կբացահայտի այս առեղծվածը։ Անհնար է։ Ես ոչ մի ելք չեմ տեսնում։ Ամեն ինչ խճճվել է... Հավանաբար, բոլորն էլ ստել են... Բայց եթե չստեին էլ, ոչինչ չէր փոխվի։ Նրանց ստելը գործն այնքան է խճճում, որքան կլիներ այն դեպքում, եթե նրանք ճշմարտությունն ասեին։ Վերքերի հարցն էլ մյուս կողմից։ Չեմ կարողանում հասկանալ... Ամեն ինչ ավելի պարզ կլիներ, եթե կրակած լինեին։ Մարդասպան բառը նշանակում է, որ պետք է կրակեին։ Ամերիկան հետաքրքիր երկիր է։ Կուզեի այնտեղ գնալ։ Այն չափազանց առաջադեմ է։ Երբ տուն հասնեմ, պետք է խոսեմ Դիմիտրիոս Զեգոնի հետ. նա եղել է Ամերիկայում, ժամանակակից մտքեր ունի... Տեսնես՝ Զիան հիմա ինչ է անում։ Եթե կինս երբևէ պարզի...»: 
    Ու նա մտքերով հասավ լրիվ անձնական ոլորտ։

    6․ - Դա էլ իր առավելությունն ունի,- ասաց Պուարոն։ - Երբ ստախոսի դիմաց դնում ես ճշմարտությունը, նա, սովորաբար, ընդունում է դա, հաճախ՝ ուղղակի զարմանքից։ Միայն թե ճիշտը կռահել է պետք, որպեսզի լավ ներգործի։ Այս պարագայում դա միակ տարբերակն է։ Ես հերթով նայում եմ ուղևորներին, դիտարկում նրանց ցուցմունքները, ապա ինքս ինձ հարցնում. «Եթե նա ստում է, ապա ո՞ր հատվածում, և ո՞րն է ստելու պատճառը»։ Եվ, եթե իհարկե նրանք ստում են, պատասխանը հստակ է լինում, թե ինչ պատճառով են ստում և որ հարցում։ Մենք արդեն այդ եղանակը հաջողությամբ օգտագործեցինք կոմսուհի Անդրենյիի դեպքում։ Հիմա նույնը կփորձենք մի քանի այլ մարդկանց հետ։
   - Բարեկա՛մս, իսկ եթե Ձեր ենթադրությունը սխալ լինի՞։

    7․ -Ճի՛շտ է, ճի՛շտ է,- հեկեկալով ասաց թշվառ կինը։ - Նա, կարծես, հրեշտակ լիներ՝ փոքրիկ, քաղցրիկ ու դյուրահավատ հրեշտակ։ Նա սեր ու բարություն էր սփռում իր շուրջը։ Իսկ այդ անիծյալը տարավ նրան ու դաժանաբար սպանեց։ Նրա խեղճ մայրն ու մյուս փոքրիկը, որ այդպես էլ լույս աշխարհ չեկավ։ Դուք չեք կարող հասկանալ, Դուք չեք կարող պատկերացնել։ Եթե այնտեղ լինեիք, եթե տեսնեիք այդ ողբերգությունը... Ես առավոտյան պիտի պատմեի Ձեզ ճշմարտությունը։ Բայց վախեցա... վախեցա... Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ այդ սրիկան մեռել է, որ այլևս չի կարող սպանել կամ տանջել փոքր երեխաներին։ Ա՜խ, չեմ կարողանում խոսել, բառեր չեմ գտնում։ - Նա սկսեց էլ ավելի ուժգին լաց լինել։

    8․ Ես նաև մտքումս քննարկեցի յուրաքանչյուրիդ տված ցուցմունքը և բազմաթիվ արժեքավոր մանրամասներ պարզեցի։ Օրինակ՝ առաջինը՝ պարոն ՄքՔուինի ցուցմունքը։ Նրա նախնական հարցաքննության ժամանակ ամեն բան կարգին էր, բայց երկրորդ հարցաքննության ժամանակ, երբ ասացի, որ գրառում է հայտնաբերվել, որտեղ հիշատակվում է Արմսթրոնգների գործը, նա ասաց. «Բայց, հաստատ...», իսկ հետո լռեց և շարունակեց. «Ուզում եմ ասել, որ ծերուկն անզգույշ է գտնվել»։ Ես զգացի, որ նա մեկ այլ բան էր պատրաստվում ասել։ Ենթադրենք՝ ուզում էր ասել. «Բայց այն այրել են»։ Այդ դեպքում պարզ կդառնար, որ ՄքՔուինը տեղյակ էր երկտողի և այն ոչնչացնելու փաստի մասին։ Այլ կերպ ասած՝ դուրս կգար, որ նա կա՛մ մարդասպանն է, կա՛մ էլ մարդասպանի հանցակիցը։

    9․ Ես մի արտասովոր բարդության բախվեցի. դժվար էր ապացուցել գնացքում գտնվողներից որևէ մեկի հանցանքը, քանի որ հետաքրքիր պատահականությամբ նրանցից յուրաքանչյուրի ալիբին ապահովում էր բավական անհավանական ինչ-որ մեկը։ Այսպես՝ պարոն ՄքՔուինն ու գնդապետ Արբաթնոթն ալիբի էին ապահովում մեկը մյուսի համար. չափազանց անհավանական էր թվում, որ այս երկու մարդիկ իրար նախկինում ճանաչած լինեին։ Նույնն էլ անգլիացի սպասավորի և իտալացու, շվեդուհու ու անգլիացի աղջկա դեպքում էր։ Եվ ես ինքս ինձ ասացի. «Սա արդեն բացառիկ է. չէ՞ որ նրանք բոլորը չեն կարող կապ ունենալ միմյանց հետ»։ Ապա ես նկատեցի լուսավոր մի կետ, պարոնա՛յք։ Նրանք բոլորն էլ կապ ունեին միմյանց հետ։

    10․ Գործն ինձ իսկական խճանկար էր թվում. ամեն մեկն իրեն հասանելիք դերն էր խաղում։ Այնպես էին կազմակերպել, որ եթե ինչ-որ մեկի վրա կասկած ընկներ, մյուսներից մեկի կամ մի քանիսի ցուցմունքով վերջինս կազատվեր կասկածից, ու գործն ավելի կխճճվեր։ Հարդմանի ցուցմունքն անհրաժեշտ կլիներ այն դեպքում, եթե դրսից ինչ-որ մեկին կասկածեին, և նա ալիբի չունենար։ Ստամբուլի վագոնի ուղևորներին ոչ մի վտանգ չէր սպառնում։ Բոլորի ցուցմունքների ամեն մի փոքրիկ մասնիկը նախապես մշակված էր։ Ամբողջը շատ խելացի կերպով ծրագրված բարդ գլուխկոտրուկ էր՝ այնպես, որ ամեն մի նոր, փոքրիկ բացահայտում ավելի էր խճճում գործը։ Ինչպես իմ ընկեր պարոն Բուկը նկատեց՝ սա չափազանց անհավանական մի գործ էր թվում։ Բայց չէ՞ որ այն հենց այդ նպատակն էր հետապնդում։