«Ամեն ինչի խանութը» Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունն է: 2013 թվականի՝ Financial Times-ի և Goldman Sachs-ի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր: 2013 թվականի լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում:

Ձեզ ենք ներկայացնում 11 մեջբերում գրքից:

 

 1. Նրանք փորձեցին գիշերել Տեքսասի Շամրոք քաղաքի Motel 6-ում, բայց ազատ սենյակ չկար, և ստիպված ապաստանեցին Rambler կոչվող ճանապարհային մոթելում: Տեսնելով սենյակը՝ Մաքենզին այդ գիշեր հրաժարվեց հանել կոշիկները: Մեկ օր անց նրանք այցելեցին Մեծ կիրճն ու դիմավորեցին լուսաբացը: Ջեֆը երեսուն տարեկան էր, Մաքենզին՝ քսանչորս, և նրանք միասին կերտում էին ձեռներեցական մի պատմություն, որը դաջվելու էր համացանցի միլիոնավոր օգտատերերի և ստարտափների հուսառատ հիմնադիրների հավաքական երևակայության մեջ:

 

2. Մոտենում էր նոր հազարամյակը, և Amazon-ը կանգնած էր անդունդի եզրին: Ամեն ինչ վկայում էր, որ ընկերությունն ավելի, քան մեկ միլիարդ դոլար կկորցնի 2000 թվականին: Դոտքոմային տնտեսության հանդեպ արևոտ լավատեսությունը վերածվում էր մռայլ հոռետեսության: Շարունակելով անել այն, ինչ նա անում էր ընկերության հիմնադրման առաջին իսկ օրվանից, Բեյզոսը ստիպված էր կրկին համոզել բոլորին, որ Amazon-ը կարող է վերապրել պարտքերի և կորուստների փոթորիկը, որոնք նա կուտակել էր իր գոյության ամենատենդային տարիներին:

 

3. Փորձելով բացատրելով նրա կատաղի մրցակցային ոգին ու հակառակորդներին գերազանցելու երևելի կարիքը՝ Բեյզոսի վաղեմի ընկերներն ու գործընկերները հաճախ հետադարձ հայացք են ձգում նրա հիսունամյա անցյալին՝ մանկության հանգամանքներին: Բեյզոսը շատ համերաշխ ընտանիքում է մեծացել. երկու չափազանց զգայուն ու հոգատար ծնող ուներ՝ Ջեքին ու Մայքը, և մտերիմ քույր ու եղբայր՝ Քրիստինան և Մարկը: Թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա…

 

4. Բեյզոսն իր դպրոցական հրաժեշտի խոսքը թղթի վրա էր գրել: Երբ մայրն այն տպում էր, մի պահ գիտակցեց, որ Ջեֆը՝ որպես ավագ դպրոցի աշակերտ, բավականին հեռու գնացող հավակնություններ ունեն: Նա առայսօր այդ ճառի մեկ օրինակ ունի իր մոտ, որի մեջ կարելի է գտնել «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալի դասական դարձած «Տիեզերք՝ վերջին սահմանագիծ» բառերը, և որտեղ Ջեֆը ներկայացնում է իր երազանքը՝ փրկել մարդկությունը՝ մշտական տիեզերակայաններ ստեղծելով Երկրագնդի ուղեծրում և մոլորակը վերածելով հսկայական արգելանոցի: Սրանք ինչ-որ թեթևսոլիկ գաղափարներ չէին, այլ անձնական նպատակներ: «Ջեֆը տարբեր ձևերով էր պատկերացնում իր ապագան, բայց մի բան անփոփոխ էր՝ նա պիտի հարստանար,- ասում է Ուրսուլա Վերները:- Առանց դրա՝ նա չէր կարող իր ուզածին հասնել»: Իսկ կոնկրետ ի՞նչ էր ուզում: «Նա մի բանի համար է այսքան գումար աշխատում,- Վերներն ասաց համացանցային մագնատին հասկանալ ցանկացող լրագրողներին, ովքեր կապնվել էին իր հետ 1990-ականներին,- նա ուզում է տիեզերք գնալ»:

 

5. Բեյզոսը չվախեցավ իր վրա վերցնել իր կրքոտ երազանքների իրականացման հետ կապված ողջ պատասխանատվությունը: Նույնիսկ երբ Amazon-ը ծանր կացության մեջ էր, նա նոր պարտականություններ վերցրեց իր վրա, ավելի շատ աշխատակող գտավ Blue Origin-ի համար ու այնպիսի ժամանակացույց կազմեց, որ հնարավորինս օգտակար բաժանի իր ժամանակն իր բոլոր պարտականությունների միջև: Նա Blue Origin-ին զինանշան տվեց ու լատիներեն կարգախոս՝ Gradatim Ferociter, թարգմանաբար՝ «Հետզհետե՝ հաստատակամ»: Այս բառակապակցությունը ճշգրտորեն արտացոլում է նաև Amazon-ի փիլիսոփայությունը: Անհնարին թվացող նպատակների իրականացմանը տանող հանդարտ առաջընթացը կպսակվի հաջողությամբ: Ձախողումները ժամանակավոր երևույթ են: Կասկածողներին ավելի լավ է անտեսել:

 

6. Մեկ անգամ մի լրագրող հարցրեց Բեյզոսին, թե ինչն է նրան մոտիվացնում այսպիսի մեծ ծրագրեր կազմել, եթե նա արդեն իսկ ահռելի կարողություն ունի: «Ես հասկացել եմ, որ ինձ շատ է մոտիվացնում այն, երբ մարդիկ ինձ հետ հույսեր են կապում,- պատասխանեց Բեյզոսը:- Ինձ դուր է գալիս, երբ ինձ վրա հույս են դնում»:

 

7. 2003 թվականի հոկտեմբերին Amazon-ը հանրությանը ներկայացրեց Search Inside the Book գործիքը, և երեք տարվա մեջ առաջին անգամ Wired ամսագիրը ծավալուն հոդված նվիրեց ընկերությանն ու նրա նորարարությանը: Այս անդրադարձը վերակենդանացրեց «Ալեքսանդրիա» նախագծի միտքը. սա 1990-ականների բեյզոսյան տենդային երազանքներից մեկն էր՝ ստեղծել գրախանութ, որտեղ հավաքված կլինեն աշխարհում երբևէ տպագրված բոլոր գրքերը: Իսկ ո՞վ ասաց, որ նման համամարդկային գրադարանը չի կարող թվային լինել, և հետևաբար՝ շատ ավելի գործնական: Բեյզոսը զգուշորեն ակնարկեց Wired ամսագրին, որ Search Inside the Book-ն իսկապես կարող է այդպիսի զարգացում ունենալ: «Պետք է մի տեղից սկսել, -ասաց նա:- Պետք է առաջին փոքրիկ բլուրը հաղթահարես, որ հաջորդ բլուրը կարողանաս տեսնել»:

 

8. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Amazon-ի տեսանելիության և շուկայական հզորության փառահեղ վերելքի շնորհիվ ընկերությունն ավելի հաճախ էր հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, սակայն այդ ուշադրությունը ոչ միշտ էր հաճելի: 2010-2011 թվականներին ընկերությունը մարտնչում էր քննադատների դեմ, ովքեր բողոքում էին, որ Amazon-ը խուսափում է վաճառքից գոյացած նահանգային հարկի գանձումից, նրանից, թե ինչպիսի մեթոդներով է իրականացրել իր վերջին երկու խոշոր կլանումները, թե ինչպես է մուտք գործում հրատարակչության ոլորտ՝ ձեռնոց նետելով սեփական մատակարարներին, ու ինչպես է մշտապես արհամարհում խոշոր արտադրողների գնային քաղաքականությունը: Այն ընկերությունը, որն ինքն իրեն հավիտենական աութսայդեր էր համարում, գրեթե մի գիշերվա մեջ շատերին ներկայացավ անտարբեր ու մեծամիտ հսկայի կերպարով, ով փորձում էր խաղի սեփական կանոնները հրամցնել ուրիշներին:

 

9. Գաղտնի մի խումբ կա Amazon-ի ներսում, որի անունն ասես Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից ոգեշնչված լինի՝ Մրցակցային հետախուզություն (Competitive Intelligence): Այս խումբը, որը 2007-ից ի վեր երկարամյա գործադիրներ Թիմ Սթոունի և Ջեյսոն Ուորնիքի գլխավորությամբ գործում է ֆինանսական բաժնում, մեծ թվով ապրանքներ է գնում մրցակիցներից և գնահատում վերջիններիս ծառայության որակն ու արագությունը: Այն նպատակ ունի ստուգելու՝ արդյոք մրցակիցներից որևէ մեկն ավելի լավ է աշխատում, քան Amazon-ը, և այնուհետ ներկայացնել տվյալները հանձնաժողովին, որի կազմում, սովորաբար, ներառված են լինում Բեյզոսը, Ջեֆ Ուիլկին և Դիեգո Պիաչենտինին, որպեսզի ընկերությունը միշտ տեղյակ լինի իր թույլ ու վտանգավոր կողմերին և արագ լուծումներ գտնի: 

 

10. Փոշեկուլներ արտադրող բրիտանական Dyson ընկերությունը մեկն է այն ապրանքանիշներից, որոնք ամենայն զգուշությամբ են հարաբերվում Amazon-ի հետ: Dyson-ի արտադրանքը մի քանի տարի շարունակ հասանելի էր Amazon-ի կայքում, բայց հետո ցասկոտ Սըր Ջեյմս Դայսոնը՝ ընկերության հիմնադիրը, անձամբ եկավ Amazon-ի գլխավոր գրասենյակ, որ հայտնի, թե որքան զայրացած է մշտական գնային խախտումների պատճառով: «Սըր Ջեյմսն ասաց, որ նա իր բրենդն էր մեզ վստահել, իսկ մենք ոտնահարել էինք այդ վստահությունը»,- պատմում է Քերի Մորիսը՝ Amazon-ի նախկին ավագ աշխատանքային մատակարարներից մեկը, ով հյուրընկալել էր Դայսոնին այդ ուշագրավ այցի ժամանակ: 2011-ին Dyson-ը հեռացրեց իր տեսականին Amazon-ից, թեպետ Amazon Marketplace-ում հաստատված կողմնակի վաճառականները փոշեկուլների որոշ մոդելներ դեռևս շարունակում են վաճառել: (էջ 331)

 

11. Բեյզոսը, սովորության համաձայն, վերլուծական մոտեցում է դրսևորում, որպեսզի պարզի, թե ինչու որոշ ընկերություններին սիրում են, իսկ մյուսներից՝ վախում:

 

Կոպտությունը վատ է:

Փոքր խաղացողներին հաղթելը վատ է:

Պատճենելը լավ չէ:

Երիտասարդը լավ է:

Ռիսկի գնալը լավ է:

Հաղթելը լավ է:

Սիրալիրը լավ է:

Մեծ, հակակրելի խաղացողներին հաղթելը լավ է:

Գյուտարարությունը լավ է:

Արկածախնդրությունը լավ են:

Նվաճողները վատն են:

Մրցակիցներով տարվելը վատ է:

Ուրիշներին զորացնելը լավ է:

Ողջ արժեքն ընկերությանը թողնելը վատ է:

Առաջնորդությունը լավ է:

Համոզվածությունը լավ է:

Անկեղծությունը լավ է:

Ամբոխին սիրաշահելը վատ է:

Անմիջականությունը լավ է:

Լայնախոհությունը լավ է:

Անսպասելին լավ է: