Մենք շարունակում ենք անցկացնել «Արի՛ Էդիթ Պրինտ» էքսկուրսիաները մեր հրատարակչությունում: Այս տարի արդեն հասցրել ենք հյուրընկալել տասնյակ դպրոցներ Երևանից և Հայաստանի մարզերից: Գրքերի աշխարհում շտապում են ճամփորդել թե՛ տարրական, թե՛ բարձր դասարանների աշակերտները: Էքսկուրսիայի ողջ ընթացքին ոչ պակաս հետաքրքրությամբ հետևում են նաև դպրոցականներին ուղեկցող ծնողներն ու ուսուցիչները:

Գրքի տպագրության և կազմարարության բոլոր փուլերում էլ կարելի է գտնել հիացմունք ու զարմանք պատճառող բազմաթիվ պահեր : Այդ պատճառով էլ հագեցած ու ինֆորմատիվ էքսկուրսիային հաջորդող քննարկման ընթացքում աշակերտները դժվարանում են առանձնացնել էքսկուրսիայի ամենատպավորիչ հատվածը: Մի բան, սակայն, միանշանակ է: Մեր այցելուներից շատերը չեն էլ պատկերացնում, թե որքան բարդ ու հետաքրքրաշարժ կարող է լինել հրատարակչական գործը և թե ինչպիսի ջանասիրությամբ ու եռանդով են աշխատում բոլորը: Ի լրումն այս ամենի՝ գրքի՝ գրախանութում կամ տան գրադարակում հայտնվելուն նախորդող այդ ողջ երկարատև գործընթացին ծանոթանալը միանշանակ փոխում է աշակերտների վերաբերմունքը գրքի նկատմամբ: Հաջորդ անգամ գիրքը ձեռքները վերցնելիս նրանք անպայման կնկատեն կազմի կամ թղթի տեսակը, դիզայնը, թելակարերն ու ամրացման այլ եղանակները՝ արդեն հստակ հասկանալով դրանց կիրառման ձևն ու նշանակությունը:

«Արի՛ Էդիթ Պրինտ» էքսկուրսիան հրաշալի հնարավորություն է, որը պետք չէ բաց թողնել: Մենք սիրով սպասում ենք նաև ձեզ: