Ագաթա Քրիստիի ամենահակասական գործը՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ: 1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից: Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում: Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել է հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը: Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը:

 

Ձեզ ենք ներկայացնում 27 մեջբերում՝ Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գրքից:

 

1.   Տարօրինակ է, բայց երբ ինքներդ գաղտնի ինչ-որ բան եք կասկածում, որ չեք ցանկանում խոստովանել, ուրիշ մեկի կողմից դրա բարձրաձայնումն այն հերքելու բուռն ցանկություն է արթնացնում ձեր մեջ:

2.   Անձնական փորձից գիտեմ, որ այն կանայք, որոնք որոշում են ինքնասպանություն գործել, սովորաբար ցանկանում են բացատրել, թե ինչպիսի հոգեվիճակում են գտնվել այդ ճակատագրական քայլին դիմելիս: Նրանք միշտ տենչում են ուշադրության կենտրոնում լինել:

3.   Բժիշկները միշտ գիտեն ամեն ինչ, բայց երբեք ոչինչ չեն ասում:

4.   Սովորությունների կապանքները: Մենք աշխատում ենք որոշակի նպատակի հասնելու համար և հասնելուն պես հասկանում ենք, որ կարոտում ենք մեր նախկին աշխատանքն ու առօրյան, և նկատի՛ ունեցեք, մսյո՛, որ իմ աշխատանքը հետաքրքիր էր՝ ամենահետաքրքիրն աշխարհում:

5.   Պարզապես վախեցնում է այն, որ ժամանակակից երիտասարդ աղջիկները կարդում են ու ձևացնում, թե հաճույք են ստանում դրանից:

6.   Ոչ ճիշտ ժամանակին բերանից թռցրած խոսքը մեծ վնաս կարող է տալ:

7.   Բայց Դուք պետք է մի բան պարզ հասկանաք: Եթե ես վերցնեմ այս գործը, ապա մինչև վերջ կգնամ: Հիշե՛ք, լավ շունը հետքը չի թողնում:

8.   Պետք է միշտ մեթոդիկ գործել: Ես սխալվեցի՝ Ձեզ այդ հարցը տալով: Ամեն մեկին պետք է իր ոլորտից հարցնել:

9.   - Բացարձակապես էական չէ,- ասաց Պուարոն ու ցածրաձայն ավելացրեց,- այդ պատճառով էլ այդքան հետաքրքիր է:

10. - Մսյո՛ բժիշկ, նմանատիպ բազմաթիվ գործերի հետ առնչվելու դեպքում Դուք կնկատեիք, որ դրանք բոլորն էլ մեկ ընդհանրություն ունեն:

- Եվ ո՞րն է դա,- հետաքրքրասիրությամբ հարցրի ես:

- Բոլորը, ովքեր առնչություն ունեն դրանց հետ, ինչ-որ բան են թաքցնում:

11. Ամեն ինչ պարզ է դառնում, երբ փաստերը համակարգված ես դասավորում:

12. Աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառը փողն է կամ դրա բացակայությունը:

13. Ինչ էլ որ լինի, տան անդորրն ամեն ինչից թանկ է։

14. Հասկացե՛ք մի բան, իմ նպատակը ճշմարտությանը հասնելն է։ Իսկ ճշմարտությունը, որքան էլ սարսափելի լինի, միշտ հետաքրքիր և գեղեցիկ է այն որոնողի համար։

15. - Les femmes,- ամփոփեց Պուարոն։- Նրանք սքանչելի են. առանց որևէ մեթոդի հորինում են վարկած, և ինչ-որ հրաշքով պարզվում է, որ նրանք ճիշտ են։ Սակայն իրականում այդքան էլ այդպես չէ։ Կանայք ենթագիտակցաբար բազմաթիվ մանր դետալներ են նկատում։ Նրանց ենթագիտակցականն այս բոլոր մանրուքները դնում է կողք կողքի, իսկ դրա արդյունքն անվանում են ինտուիցիա։

16. Բարեբախտաբար, հնարամտորեն օգտագործված բառերը կարող են քողարկել չոր փաստերի այլանդակությունը:

17.  Վերջիվերջո ինչքա՜ն հանցագործություններ են կատարվել հինգ հարյուր ֆունտից շատ ավելի քիչ փողի համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան գումար է անհրաժեշտ մարդուն կոտրվելու համար: Դա հարաբերական է, այդպես չէ՞:

18. Անգլիացիները թաքցնում են միայն մի բան՝ իրենց սերը:

19. Խելացի մարդն իր մտքերը չի բարձրաձայնում:

20. Տղամարդուն ինչքան ուզես կարող ես ճնշել, բայց կնոջ դեպքում չես կարող շատ հեռուն գնալ, քանի որ կինը սրտի խորքում միշտ ձգտում է ասել ճշմարտությունը: Քանի՜ տղամարդ, որ դավաճանել է իր կնոջը, հանգիստ խղճով մահացել է՝ գաղտնիքը իր հետ գերեզման տանելով: Քանի՜ կին, որ դավաճանել է ամուսնուն, խորտակել է կյանքը` ճշմարտությունն ամուսնու դեմքին շպրտելով: Հուսահատության պահին նրանք մոռանում են ինքնապահպանման բնազդի մասին ( ինչի մասին հետագայում զղջում են, bien entendu) և առանց հետևանքների մասին մտածելու՝ ասում ճշմարտությունը՝ մեծ, բայց րոպեական բավականություն ստանալով:

21. Մադմուազե՛լ, մի քանի օր առաջ, երբ մենք նստած էինք սեղանի շուրջ, ես աղաչում էի Ձեզ անկեղծ լինել ինձ հետ։ Իսկ այն, ինչ չեն ասում հայր Պուարոյին, նա ինքն է պարզում:

22. Ինչու՞ են Անգլիայում մտածում, որ սիրո մասին պետք է հիշատակել այնպես, ասես այն ամոթալի գաղտնիք է։

23. - Գիտե՞ք,- ասացի ես՝ ձեռքիս ունելին ցած դնելով,- այս ամենը չափազանց հետաքրքրաշարժ է։ Ամեն մի նոր բացահայտում նման է կալեյդոսկոպը պտտելուն. պատկերն ամբողջովին փոխվում է։

24. Ես սկսել էի հասկանալ Պուարոյի մեթոդները։ Յուրաքանչյուր անպատեհ թվացող մանրուքն անգամ ազդեցություն է ունենում ամբողջի վրա:

25. Երբեք մի՛ անհանգստացեք այն բանի համար, ինչ ասել եք տղամարդուն։ Նրանք այնքան ինքնահավան են, որ երբեք ասածդ լուրջ չեն ընդունի, եթե դա չի շոյում իրենց եսը։

26. -  Մեթոդ, կարգ ու կանոն և փոքրիկ մոխրագույն բջիջներ:

       - Բջիջնե՞ր,- աչքերը չռելով հարցրեց քննիչը:

       - Ուղեղի փոքրիկ մոխրագույն բջիջները,- բացատրեց բելգիացին:

       - Օ՜հ, դե իհարկե, կարծում եմ՝ մենք բոլորս օգտագործում ենք դրանք:

       - Ավել կամ պակաս չափով,- մրթմրթաց Պուարոն:- Կան նաև որակական տարբերություններ:

27. Օգտագործե՛ք Ձեր փոքր մոխրագույն բջիջները։ Իմ գործողությունների հիմքում միշտ ինչ-որ պատճառ կա: