«Եվ ոչ ոք չմնաց...» վեպը դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:

Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ:

Ձեզ ենք ներկայացնում 14 մեջբերում՝ Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպից:

 

**

Ես բժշկին չասացի որոշմանս մասին. որ իմ մահը չպիտի լինի դանդաղ և երկարատև, ինչպիսին կլիներ, եթե իր բնականոն հունով ընթանար: Ո՛չ, իմ մահը պետք է ցնցող փառահեղությամբ տեղի ունենա: Ես պետք է ապրեմ մինչև մահանալը:

**

Դա հետաքրքիր հոգեբանական փորձ էր. արդյոք սեփական մեղքի գիտակցումը, նյարդային լարվածությունը, որ հաջորդել էր հենց նոր մարդ սպանելուն, շրջապատի հիպնոսացնող ակնարկների հետ միասին բավարար կլինեի՞ն, որպեսզի նրան դրդեին վերջ տալ սեփական կյանքին: Ես կարծում էի, որ այո: Եվ չսխալվեցի:

**

Դեռ վաղ երիտասարդությունից ես հասկացել էի, որ իմ էությունը հակասությունների մի խառնուրդ է: Նախ նշեմ, որ անուղղելի ռոմանտիկ երևակայություն ունեմ: Երբ երեխա էի ու արկածային պատմություններ էի կարդում, ինձ միշտ հրճվանք ու հուզմունք էր պատճառում կարևոր փաստաթղթով շիշը ծովը նետելու սովորությունը: Այդ երևույթը դեռևս հուզում ու հրճվանք է պատճառում ինձ: Հենց այդ պատճառով ընտրեցի այս գործելաոճը՝ գրել իմ խոստովանությունը, դնել այն շշի մեջ, շիշն ամուր կնքել և հանձնել ծովի ալիքներին: Ենթադրում եմ, որ հարյուրից մեկ է հավանականությունը, որ խոստովանությունս կգտնվի, և մինչ այդ չբացահայտված (միգուցե ինքս ինձ գովաբանու՞մ եմ) մարդասպանության գաղտնիքը կբացատրվի:

**

Իսկ հիմա՞:

Հիմա ես պետք է ավարտեմ սա գրելը: Այն կդնեմ շշի մեջ, ապահով կփակեմ շիշը և կնետեմ ծովը:

Ինչու՞:

Այո՛, ինչու՞:

Իմ ձգտումն էր պարզապես ստեղծել մարդասպանության մի առեղծված, որ ոչ ոք չէր կարողանա բացահայտել:

Բայց ոչ մի արտիստ, հիմա եմ հասկանում, չի կարող բավարարված լինել միայն արվեստով: Գոյություն ունի ճանաչվելու բնական տենչ, որը հնարավոր չէ զսպել:

 

**

Սոլջըր Այլենդ. նա դեռ երեխա ժամանակվանից գիտեր Սոլջըր Այլենդը… Այն իրենից ներկայացնում էր գարշահոտ ժայռերի մի կույտ, որի վրա որորներ էին թռչում: Ափից մոտ մեկ մղոն հեռավորության վրա էր գտնվում: Կղզին այդպես էին կոչել, քանի որ մարդու գլուխ էր հիշեցնում:

**

Եթե դա հին տուն լիներ՝ ճռճռացող տախտակներով, մութ ստվերներով, ծանր պատերով, ապա սնահավատ վախ կառաջանար, բայց այս տունը ժամանակակից շունչ ուներ. մութ անկյուններ չկային, ոչ մի քանդվող պատ: Այն հեղեղված էր էլեկտրական լույսերով: Ամեն ինչ նոր էր, փայլուն ու լուսավոր: Ոչինչ թաքցված չէր այդ տանը, ոչ մի գաղտնիք: Միջավայրը բնավ այդպիսին չէր:

Ինչ-որ անբացատրելի կերպով հենց դա էր ամենասարսափեցնողը…

**

Մայր մտնող արևի լույսի տակ նրանք առաջին անգամ հեռվում նշմարեցին Սոլջըր Այլենդը, որը հարավում դուրս էր ցցվել ծովի միջից:

Վերան զարմացած ասաց.

- Բավականին հեռու է:

Նա այն այլ կերպ էր պատկերացնում՝ ափին մոտ, մեջտեղում գեղեցիկ, սպիտակ տուն: Սակայն ոչ մի տուն չէր երևում. միայն համարձակորեն դուրս ցցված, հսկայական գլուխ հիշեցնող ժայռի ուրվագիծ: Դրանում ինչ-որ չարագուշակ բան կար: Նրա մարմնով թեթևակի սարսուռ անցավ:

**

Այս միսթր Օուենը պիտի որ բավականին յուրօրինակ ջենթլմեն լինի: Սակայն տարօրինակ է, մտածեց նա, որ ինքը դեռ երբեք չի տեսել ո՛չ Օուենին, ո՛չ էլ նրա կնոջը: Նրանք երբեք չեն երևացել ափի մոտակայքում: Ամեն ինչ պատվիրում և վճարում էր այդ միսթր Մորրիսը: Ցուցումները միշտ շատ հստակ էին, վճարումները կատարվում էին ճշտապահորեն, բայց, ամեն դեպքում, տարօրինակ էր: Թերթերը գրում էին, որ ինչ-որ գաղտնիք է շրջապատում Օուենին: Միսթր Նարրաքոթը համաձայն էր նրանց հետ:

**

Ես պետք է, պետք է, պե՛տք է սպանություն կատարեի: Եվ ավելին՝ դա չպետք է սովորական սպանություն լիներ: Դա պետք է ֆանտաստիկ հանցագործություն լիներ, ինչ-որ ապշեցուցիչ մի բան, սովորականի սահմաններից դուրս: Այդ առումով, կարծում եմ, որ դեռևս դեռահասի երևակայություն ունեմ:

Ինչ-որ դրամատիկ, անհնար բան էի ուզում:

**

Սոլջըր Այլենդ. թերթերը վերջերս անընդհատ միայն դրանից են խոսում: Ամեն տեսակ ակնարկներ ու հետաքրքիր բամբասանքներ են հյուսվում այդ կղզու շուրջ, թեպետ, հավանաբար, դրանց մեծ մասը սուտ է: Այդուհանդերձ, տունը հաստատ կառուցել է ինչ-որ միլիոնատեր, ևասում են՝ շքեղության առումով այն նորաձևության վերջին ճիչն է:

 

**

Կլոր սեղանի մեջտեղում՝ օղակաձև ապակե պատվանդանի վրա, դրված էին մի քանի ճենապակե քանդակներ:

- Զինվորներ,- ասաց Թոնին:- Զինվորի կղզի: Կարծում եմ՝ գաղափարը դա է:

Վերան առաջ թեքվեց.

- Տեսնես քանի՞սն են: Տա՞սը:

- Այո, տասն են:

Վերան բացականչեց.

- Ինչ զվարճալի է: Դրանք այն մանկական բանաստեղծության տասը զինվորիկներն են, կարծում եմ: Իմ ննջասենյակում այդ բանաստեղծությունը շրջանակի մեջ դրված, կախված էր բուխարու վերևում:

Լոմբարդն ասաց.

- Իմ սենյակում էլ:

- Իմ սենյակում նույնպես:

- Ինձ մոտ էլ:

**

 «Կղզիների ամենալավ կողմն այն է, որ երբ գալիս ես այնտեղ, չես կարող ավելի հեռուն գնալ… արդեն հասել ես եզրին…»:

Նա հանկարծ հասկացավ, որ չի ուզում հեռանալ կղզուց:

**

-Մենք հույս ունենք, որ մոտորանավակը մեզ կղզուց ետ կտանի: Այս ամբողջ գործի իմաստը հենց դա՛ է. մենք չենք հեռանալու այս կղզուց…Մեզնից ոչ ոք երբևէ չի հեռանա… Սա վերջն է, հասկանու՞մ եք, ամեն ինչի վերջը…

Նա տատանվեց, ապա ցածր, տարօրինակ ձայնով ասաց.

- Սա՛ է խաղաղությունը, իրակա՛ն խաղաղությունը. հասնել եզրին, ստիպված չլինել շարունակել… Այո, խաղաղություն…

**

Ինչ-որ մոլեռանդ արդարության ջատագով ցանկանում էր իր ցանցը գցել այն մարդկանց, որոնց հանցանքը դուրս է օրենքի իշխանությունից: