«Արի՛ Էդիթ Պրինտ» գրքառատ ու գրքաշատ էքսկուրսիոն ծրագրի շրջանակներում այս անգամ մեզ այցելել էին Հայաստանի Քեմբրիջ միջազգային կրթահամալիրի սաները: Մինչ էքսկուրսիան սկսելը ունեցանք շատ բուռն ու ուշագրավ քննարկում գրչության արվեստի, գրանյութերի, գրքի ստեղծման, ժամանակակից տպագրության ձևերի, եղանակների մասին: Աշակերտներն արդեն իսկ անհամբերությամբ սպասում էին մեր շրջայցին: Այցելեցինք տպագրատուն և կազմատուն: Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի հետաքրքրությամբ ու խանդավառությամբ էին երեխաները հետևում գրքի ստեղծման բարդ ու բազմափուլային գործընթացին: Մեր փոքրիկ այցելուներից մեկն էլ խոստացավ իր ապագա գիրքը Էդիթ Պրինտում հրատարակել: «Գիրքս հրաշագործների մասին է լինելու, հերոսն էլ էլի ակնոց է կրում, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է»,- ոգևորված պատմում էր նա:

«Արի՛ Էդիթ Պրինտ» էքսկուրսիաների հերոսը Գիրքն է: Դպրոցականները հիմնավոր պատկերացում են կազմում գրքի ստեղծման բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին: Նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիրքն ու ընթերցանությունը: Իսկ շրջայցի վերջում կազմակերպվող ինտերակտիվ խաղերը միտված են զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները` միևնույն ժամանակ ստեղծելով ուրախ ու ջերմ մթնոլորտ: