«Նյու Յորք Թայմս»-ի «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայք»-ն ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր նրա ստեղծած ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:

Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Սակայն այս գրքում նա ներկայացնում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց շատերի երազանքը:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ՝ դեռևս լույս չտեսած «Կոշկավաճառը» գրքից:


***

  • Երբեմն դուք պետք է հանձնվեք: Երբեմն ճիշտ ժամանակին հանձնվելը, նոր ինչ-որ բան սկսելը հանճարի արտահայտություն է: Հանձնվել չի նշանակում դադարել: Երբեք կանգ մի՛ առեք:
  • Մտածում էի «ուղղակի բիզնես է» արտահայտության մասին: Երբեք «ուղղակի բիզնես» չի լինում: Երբեք չի լինի: Եթե ամեն ինչ «ուղղակի բիզնես» լինի, կնշանակի, որ բիզնեսը շատ վատն է:
  • Վախկոտները երբեք չէին կարողանում ինչ-որ բան սկսել, իսկ թույլերն ընթացքում հանձնվում էին: Նշանակում է՝ մնացել ենք մենք, տիկնա՛յք և պարոնա՛յք: Մենք:
  • ... եթե չհաշվենք, որ դու մահվան հերթի մեջ ես, կյանքը հիասքանչ է:
  • ...եթե թուլություն, ինչ-որ զգացմունքայնություն ցույց տաս, մեռած ես:
  • Ձեզ հիշում են ձեր խախտած կանոնների շնորհիվ:
  • Երանի՜ ավելի շատ վստահություն ունենայի: Երանի՜ կարողանայի պարտքով վերցնել որևէ մեկից: Բայց վստահությունը կանխիկ գումար է: Պետք է ինչ-որ չափով ունենաս՝ ավելին ստանալու համար: Եվ մարդիկ հակված չէին դրանով կիսվել:
  • ... բիզնեսը պատերազմի հետ զուգահեռներ ունի: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասել էր՝ բիզնեսը պատերազմ է առանց փամփուշտների, և ես հակված էի համաձայնել այդ մտքին:
  • Բաուերմանը միշտ վրդովվում էր, որ մարդիկ սխալվում են՝ մտածելով, թե մարզիկներ են միայն էլիտար օլիմպիականները: Բոլորն են մարզիկներ: Եթե դուք մարմին ունեք, մարզիկ եք…
  • Երջանիկ էի, իսկապես երջանիկ էի, հնարավոր է՝ երբևէ այդքան երջանիկ չեմ եղել, բայց երջանկությունը կարող է վտանգավոր լինել: Այն բթացնում է զգացողությունները:
  • Մի՛ ասեք, թե ինչպես պետք է մարդ անի ինչ-որ բան: Ասե՛ք, թե ինչ պետք է անի, և նա կզարմացնի ձեզ իր հնարամտությամբ:
  • …ես իսկապես եզրահանգման եկա, որ աշխարհը կազմված է խելագար գաղափարներից: Պատմությունը խելագար գաղափարների մի երկար հիմն է: Այն ամենը, ինչ ես սիրում էի աշխարհում ամենից շատ՝ գրքերը, սպորտը, ժողովրդավարությունը, ազատ ձեռներեցությունը, սկսել էին խելագար գաղափարներից:
  • Սկսնակի մտքում բազում հնարավորություններ կան, մինչդեռ փորձագետի համար դրանք քիչ են: Շունրու Սուզուկի, «Զեն միտք, սկսնակի միտք»
  • ...ամենից առավել ցանկանում էի տարբերվել բոլորից: Ուզում էի իմ հետքը թողնել այս աշխարհում: Ցանկանում էի հաղթել: Չէ՛, սխալ եմ ասում: Պարզապես չէի ցանկանում պարտվել:
  • Ուզենք թե չուզենք՝ կյանքը խաղ է: Եվ ով էլ ասում է՝ այդպես չէ, պարզապես չի ցանկացել խաղալ, լքված է եղել ինչ-որ անկյունում, իսկ ես նման բան չէի ուզում: Ինչ էլ որ լիներ՝ չէի ուզում...