Կարևոր չէ, թե ով ես դու այսօր… քանի որ այս համամարդկային բեսթսելերի հետ կսովորես՝ ինչպես փոխել կյանքդ՝ կիրառելով այն գաղտնիքները, որոնք կգտնես հնագույն գալարներում: «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին. ուժերի ծաղկման շրջանում նա մտածում էր ինքնասպանության մասին, քանի որ կորցրել էր ամեն ինչ՝ աշխատանք, տուն, կյանքի իմաստը, ու հայտնվել խորը հուսահատության մեջ:

Բայց նա կարողացավ հաղթահարել այս ամենն ու մագլցել մինչև հաջողության ամենաբարձունքները: Իր սեփական փորձը նա հետագայում դարձրեց հազարավոր մարդկանց հաջողության հասնելու միջոց, նրանց հնարավորություն տվեց հաղթահարելու ճգնաժամերն ու հասնել հաջողությունների: «Անհաջողությունների սպանդանոցն իմ ճակատագիրը չէ: Ես պայքարելու եմ, մինչև հաջողության հասնեմ»:

​Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:

Ձեզ ենք ներկայացնում 16 մեջբերում՝ Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից:

  • Աղքատությունը կարող է լինել առավելություն և նույնիսկ ապրելակերպ անապատում վանականների համար, քանի որ նրանք միայն իրենք իրենց կարիքները պետք է հոգան և միայն իրենց Աստծուն պետք է հաճոյանան, մինչդեռ ինձ համար աղքատությունը կարողության սակավության և ձգտումների բացակայության նշան է:
  • Սերը, այլ ոչ ազնիվ գաղափարներն են ուղտապանին դարձրել հզոր զինվոր, որ պատրաստ է պայքարել ամբողջ աշխարհի դեմ:
  • Ինձ հաճախ են քննադատել իմ որդեգրած տղային ուղտապանի կյանքին դատապարտելու համար, սակայն ես միշտ կարծել եմ, որ եթե քո մեջ կայծ կա, ապա այն ի վերջո կբոցավառվի:
  • Հաջողության հասնելու դեպքում պարգևները շատ մեծ են, սակայն պարգևները մեծ են, քանի որ շատ քչերն են հաջողության հասնում: Շատերը հանձնվում են հուսահատությանը և անհաջողության մատնվում՝ առանց գիտակցելու, որ արդեն իսկ ունեն բոլոր անհրաժեշտ գործիքները մեծ հարստության հասնելու համար: Շատ-շատերը վախով և կասկածով են դեմ դուրս գալիս ամեն դժվարությանն իրենց ճանապարհին և այդ խոչընդոտներն իրենց թշնամին են համարում, մինչդեռ իրականում դրանք ընկերներ և օգնականներ են:
  • Խոչընդոտներն անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, որովհետև վաճառքի մեջ, ինչպես բոլոր կարևոր մասնագիտություններում, հաղթանակը գալիս է միայն բազմաթիվ ճակատամարտերից և անթիվ պարտություններից հետո: Սակայն ամեն ճակատամարտ, ամեն պարտություն բարելավում է հմտությունները և դարձնում ավելի ուժեղ, ավելի քաջ և դիմացկուն, ավելի կարող և վստահ:
  • Ամեն խոչընդոտ զինակից ընկեր է, որ ստիպում է քեզ ավելի լավը դառնալ… կամ հանձնվել և թևաթափ լինել:
  • Երբեք չամաչես փորձելու և ձախողվելու համար, որովհետև նա, ով երբեք անհաջողության չի մատնվել, երբեք չի փորձել:
  • Անհաջողությունները երբեք քեզ չեն հաղթի, եթե հաջողության հասնելու քո վճռականությունը բավական ուժեղ է:
  • Անհաջողությունը մարդու անկարողությունն է կյանքում հասնելու իր նպատակներին, ինչ էլ որ այդ նպատակները լինեն: Իրականում միակ տարբերությունը, որ կա նրանց միջև, ովքեր անհաջողության են մատնվել, և նրանց, ովքեր հաջողության են հասել, նրանց սովորություններն են: Լավ սովորություններն ամեն տեսակի հաջողությունների բանալին են: Վատ սովորությունները բացված դուռ են դեպի անհաջողությունները:
  • Ես կդիմանամ այնքան, մինչև հաջողության հասնեմ:
  • Արևելքում մարտահրապարակի համար ցլերի դիմացկությունը փորձելու որոշակի մեթոդ կա: Յուրաքանչյուրին բերում են մարտասպարեզ և թույլ տալիս, որ նրանք հարձակվեն հեծյալ ցլամարտիկի վրա, որը խոցում է նրանց նիզակով: Յուրաքանչյուր ցլի խիզախություն խնամքով գնահատվում է՝ կախված նրանից, թե քանի անգամ է նա պատրաստակամություն ցույց տալիս գրոհելու՝ չնայած խայթող շեղբին: Այսուհետև ես կընդունեմ, որ ամեն օր կյանքն ինձ ճիշտ նույն կերպ փորձություններ է ուղարկում: Եթե դիմակայեմ, եթե շարունակեմ գրոհել, ապա հաջողության կհասնեմ:
  • Ես կլինեմ այն անձրևի կաթիլը, որ սարեր է գետնին հավասարեցնում, այն մրջյունը, որ վագրի մարմինն է լափում, այն աստղը, որ երկիրն է լուսավորում, այն ստրուկը, որ բուրգ է կառուցում: Ես կկառուցեմ իմ ամրոցը՝ շարելով աղյուսները մեկը մյուսի հետևից, քանի որ գիտեմ, որ փոքր, սակայն շարունակական ջանքերը մի մեծ նախաձեռնություն են դառնում:
  • Ես թույլ չեմ տա, որ երեկվա հաջողությունն ինձ խաղաղեցնի և այսօրվա ինքնագոհության պատճառ դառնա, քանի որ սա ձախողվելու հիմքերից մեկն է:
  • Քանի դեռ շնչում եմ, կդիմակայեմ, քանի որ հիմա արդեն գիտեմ հաջողության գերսկզբունքներից մեկը. եթե դիմակայեմ բավականաչափ երկար ժամանակ, ապա կհաղթեմ: Ես կդիմակայեմ: Ես կհաղթեմ:
  • Ես նման եմ հացահատիկի, սակայն մեկ տարբերությամբ: Հացահատիկը չի կարող ընտրել արդյոք իրեն խոզերի՞ն պիտի տան որպես կեր, աղա՞ն, որ հաց պատրաստեն, թե՞ տնկեն, որ բազմանա: Ես ունեմ ընտրություն և թույլ չեմ տա, որ իմ կյանքը դառնա խոզին կերակուր և ոչ էլ որ այն աղան՝ անհաջողությունների քարերի տակ, և հուսահատությունն ազատություն ստանա ու ոչնչացնի ամեն ինչ, միայն որովհետև ուրիշներն են այդպես կամենում:
  • Երազանքներն արժեք չունեն, ծրագրերը փոշի են, նպատակները՝ անհնարին: Ոչինչ արժեք չունի, եթե այդ ամենին չեն հետևում համապատասխան գործողություններ:
  • Բոլոր մեծ կարողության տեր մարդիկ լռեցնում են իրենց խղճի ձայնը՝ աղքատներին նվերներ կամ ոսկի բաժանելով: Այս նվիրատվությունները նույնքան անհրաժեշտ են իրենց, որքան դրանք անհրաժեշտ են սովածներին, և նրանք ամեն ինչ անում են, որ ամբողջ աշխարհն իմանա իրենց մեծ առատաձեռնության մասին, ինչը նրանց համար իրականում մի քանի մանրադրամի խնդիր է: