Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը՝ պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի: Ձեզ ենք ներկայացնում 15 մեջբերում Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքից:

1. Տարօրինակ է, չէ՞, հենց նեղն ես ընկնում, նոր ես սկսում հասկանալ դիմացինիդ: Հենց քեզ լավ ես զգում, մտքովդ չի էլ անցնում, չէ՞:

2. «Գիտե՞ս ինչ, զինվոր, երբեք չես գիտակցում՝ ինչ է կատարվում, մինչև սեփական մաշկիդ վրա չես զգում: Իսկ երբ գիտակցում ես, արդեն շատ ուշ է լինում»:

3. Ամեն մեկս էլ, երևի, մեկի համար լավ մարդ ենք, մեկ ուրիշի համար՝ ընդհակառակը:

4. -Պարտադի՞ր է, որ միշտ ինչ-որ բան ճիշտ լինի: 
 -Երևի ո՛չ: Ինչո՞ւ: 
 -Չգիտեմ: Բայց երևի պատերազմներն ավելի քիչ կլինեին, եթե ամեն մեկը մյուսին չուզեր անպայման ապացուցել սեփական ճիշտը:

5. Երբ սիրում ես, բազմաթիվ նոր վախեր են ի հայտ գալիս, որոնց մասին նախկինում գաղափար չունեիր:

6. Հեշտ է դատապարտելն ու խիզախ լինելը, երբ ոչինչ չունես: Բայց երբ ինչ-որ բան ունես, աշխարհը փոխվում է: Ամեն ինչ ավելի թեթև, միևնույն ժամանակ՝ ավելի ծանր, երբեմն էլ գրեթե անհնարին է դառնում: Դրա համար էլ է քաջություն պետք, բայց մի տեսակ ուրիշ և բոլորովին այլ անուններով, քաջություն, որ հենց այդ պահին է ծնվում:

7. -Ես շատ եմ մտածել Ձեր մասին, Գրեբեր: Եվ հաճախ խորհել վերջերս Ձեր ասածի մասին: Դա պատասխան չունի… բացի մեկից: Պետք է հավատալ: Հավատ: Ուրիշ ի՞նչ է մնում մեզ: 
 -Ինչի՞ն հավատալ: 
 -Աստծուն: Եվ մարդու միջի բարությանը: 
 -Մի՞թե երբևէ կասկածի տակ չեք առել դա,- հարցրեց Գրեբերը: 
 -Ինչպե՞ս չէ,- պատասխանեց ծերունին,- հաճախ: Այլապես ինչպե՞ս պիտի հավատայի:

8. Մարդու բնությունն է այդպիսին: Մի վտանգից դեռ չպրծած՝ մյուսի գիրկն է նետվում:

9. …Որքա՞ն ժամանակ է՝ ամուսնացած ես: 
 -Հինգ օր: Հերթապահը հանկարծ քմծիծաղ տվեց: 
 -Ինչո՞ւ չէիր հենց սկզբից ասում: Դա ուրիշ բան: Գրեբերը հետ գնաց: «Ես ուզում էի մի բան ունենալ, որից կկարողանայի կառչել,- մտածեց նա,- բայց չգիտեի, որ դա ունենալու դեպքում կրկնակի խոցելի կդառնամ»:

10. Տարօրինակ է, ինչքա՜ն հեշտ է բաժանվել մի բանից, որից, դեռ երեկ կարծում էիր, երբեք չես կարող բաժանվել:

11. Իսկ սպասումը միշտ էլ ավելի լավ է, քան ոչնչի չսպասելը:

12. Աշխարհն իր տեղում կանգնած չի մնում: Եթե անգամ մի պահ հույսդ կտրել ես սեփական երկրից, պետք է հավատաս աշխարհին: Արևի խավարումը հնարավոր է, բայց գիշերվա հարատևումը՝ երբեք: Ո՛չ այս մոլորակի վրա: Պետք չէ թուլանալ ու հուսահատվել:

13. Հրաշքը միշտ սպասում է հուսահատության կողքին:

14. Գիշերները մարդ այն է, ինչ իրականում պետք է լինի, ոչ թե այն, ինչ դարձել է:

15. Միակ ճշմարտությունը: Երբ ոչ մի պահանջ չես դնում, ամեն ինչ պարգև է դառնում: