«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում:

Ձեզ ենք ներկայացնում 10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից:

1.- Իսկ ես վախենում եմ: — Ինչի՞ց: -Վախենում եմ սիրեմ մեկին, բա որ կոտրի՞ ներսս։ — Բա որ դու կոտրե՞ս ինչ-որ մեկի ներսը… — Չէ՛, մե՛կ է, վախենում եմ։ — Ուղղակի վախենում ես սերդ նվիրել, ոչ թե սիրել. սերն ու վախն անհամատեղելի են։

2. — Իսկ աչքե՞րը: Աչքերը մոռանալ լինո՞ւմ է: — Լինում է, եթե… — Եթեներ չկան, ես սիրում եմ աչքերդ… — Աչքերս, բայց ո՛չ ինձ: — Իսկ ի՞նչ եմ անում աչքերդ առանց քեզ…

3. Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…

4. Եթե մարդուն ամեն օր հիշում ես, ներկա՞ է, թե՞ անցյալ կամ ուղղակի հիշողություն։ — Ապագա…

5. Հրաժեշտներ կան, որ լուռ են, հրաժեշտներ էլ կան՝ գրկախառնումով: Երկու դեպքում էլ գրկում ես հիշողություններդ: Հրաժեշտ կա ակամայից է ստացվում, հրաժեշտ էլ կա՝ անՀրաժեշտ է: Երբեմն էլ այնպես արագ ու անսպասելի են լինում հեռացումները, որ չես հասցնում անգամ հրաժեշտ տալ:

6. Երանի գնալդ գալուդ նման հեշտ լիներ, որ չկարոտեի…

7. Սերը սառնարանում դրված կարագի պես բան է: Պետք է հանել, թողնել մի քիչ հետ գա, հետո քսել հացին ու ուտել, վայելել: Աստիճանաբար, ընթացքում, պիտի զգաս համն ու օգտակարությունը:

8. Որքան էլ չուզենաս, որքան էլ ընդդիմանաս, կյանքում պահեր են գալիս, որ հեղաշրջում են քեզ, ներսդ տակնուվրա անում։ Մինչ այդ իմացածդ, ընդունածդ ճշմարտությունները, սկզբունքները վայրկյանների ընթացքում բախվում են իրականությանն ու փշուր-փշուր լինում։ Ու միշտ դրանում «օգնում» են մարդիկ։

9. …մեզ միշտ կյանքում թվում է, թե երջանիկ ենք, բայց պարզվում է` դատարկ բաների վրա ենք կառուցել մեր երջանկությունը: Թվում է` դժբախտ ենք, բայց երջանիկ լինելու համար բավականին շատ բան ունենք: Գրողը տանի այդ թվացյալ իրականությանը:

10. Ունեցածդ գրքերի մեջ երբեմն ամենաթանկն ու արժեքավորն է դառնում ոչ թե այն մեկը, որի բովանդակությունն է հոգեհարազատ կամ որում գրված նյութը մտնում ու խառնում է ուղեղիդ ամենափոքր ծալքերը, հեղափոխում կյանքդ, որի համար շատ գումար ես վճարել, այլ այն, որի մեջ գրված մաղթանքներն ու ցանկությունները, մաղթողն ու նվիրողը հենց արժեք ունեն քեզ համար: