✟ Բայց այստեղ մեր ողբը ոչ թե միայն մեկ ազգի համար է, այլ [շատ] ազգերի ու երկրների, որ և շարունակելով՝ կպատմեմ կարգով, թեպետև ոչ ուրախ սրտով։ Ահա ակամա գրում եմ այն շատերի մասին, որոնք զրկվեցին իրենց ճշմարիտ կյանքից և ուրիշ շատերի էլ կորստյան պատճառ եղան, ոմանց՝ միայն այս երևացող բաների, իսկ մյուսներին՝ թե՛ երևացող և թե՛ աներևույթ։ Եվ ամենից վատն այն է, որ նրանց բաց արած կորստյան դուռը միայն Աստված կարող է փակել, իսկ մարդու [կարողության] սահմանից անցել է, և այլևս հնար չկա․․․․

✟ Որովհետև երբ մեծ Վարդանը տեսավ իր աշխարհի երկպառակությունը, ամենևին չվախեցավ թերահավատությամբ: Թեպետև ստուգեց իմացավ դեռևս իրեն հետ միաբանվածներից շատերի երկմտությունն էլ, այնուամենայնիվ ինքն իրեն սիրտ տվեց և իր զորքերին էլ քաջալերեց, քանի որ հենց ինքը դեռ գրաված էր պահում թագավորանիստ տեղերն այն նախարարների հետ միասին, որոնք չանջատվեցին Սուրբ Ուխտից: Հրաման տվեց ամբողջ զորքին հավաքվել Արտաշատ քաղաքը. այն հետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից, կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր։

✟ Հաստատ մնացեք մեր անդրդվելի Զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները: Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծու զորությունը: [….] Եվ վարձի ակնկալությունը Տիրոջից է, որ պահված է մեզնից ամեն մեկի համար՝ իր սրտի հոժարության և կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն ավելի ևս, եթե մենք մեռնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակներն են ցանկանում, եթե հնար լիներ: Եվ որովհետև այս պարգևները ոչ թե բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տերը, մեզ էլ այս պատահեց ո՛չ թե մեր արդար գործերի համար, այլ աննախանձ Պարգևատուի կողմից, ինչպես որ ասում էլ է Սուրբ Կտակարանում. «Ուր ավելի եղավ մեղքը, այնտեղ էլ ավելացան Աստծու շնորհները»:

✟ Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն, և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը, ինչպես որ աշխարհի հենց սկզբից կարելի է տեսնել շատերին շատ անգամ և շատ տեղերում։ Այն մարդիկ, որոնք Աստծու սիրով, ինչպես զենքով, սպառազինված էին, ամենևին չխնայեցին և անարի վատասիրտների նման չվախեցան ո՛չ մահից, ո՛չ գույքի հափշտակությունից, ո՛չ սիրելիների խողխողումից և ո՛չ էլ ընտանիքների գերությունից, հայրենի երկրից դուրս գալուց և օտար երկրում ստրկության մեջ ընկնելուց. նրանք բանի տեղ չդրին այս բոլոր չարչարանքները, միայն թե միաբան մնան Աստծու հետ, որպեսզի միմիայն Նրանից չմերժվեն, և Նրան իրենց մտքում գերադասեցին բոլոր տեսանելի մեծություններից։ Եվ ուրացությունը մեռելություն էին համարում, իսկ Աստծու համար մեռնելը՝ անանց կենդանություն. երկրիս վրա ծառայելը՝ իրենց կյանքի ազատություն, և իրենց անձերն օտարության մատնելը՝ Աստծու հետ գտնվել։

✟ Հայոց աշխարհի փափկասուն տիկինայք [….] մոռացան իրենք կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ. կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը, կտրեցին ագահության արմատները, և չորացան նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությանը և միևնույն խոնարհությամբ հասան Երկնավոր Բարձրությանը։ Աղոթքով բաց արին Երկնքի փակված դռները և սուրբ խնդրվածքներով հրեշտակներին ցած բերին փրկության համար. ավետիս լսեցին հեռաստանից և փառավորեցին Աստծուն Բարձունքում։