Անցումային տարիքում մի շրջանի ենք առնչվում, երբ ծնողն ու երեխան չեն կարողանում հասկանալ միմյանց, վեճերն ու տարաձայնություններն անխուսափելի են դառնում։ Գրքում բավականին նուրբ օրինակներով ու խորհուրդներով հեղինակը ելքեր է գտնում հարթելու ծնող-երեխա բարդ հարաբերությունները։ Այստեղ շատ կարևոր է վստահությունը։ Ամեն հարց լուծելի է, երբ կա փոխըմբռնում, սեր և վստահություն։
Ներկայացնում ենք գրքից քաղվածքներ.
• Մի ամաչիր ցույց տալ թուլությունդ, եղիր միշտ անկեղծ ինքդ քեզ հետ և մի փորձիր միշտ ուժեղ երևալ։ Երբեմն այդ ուժեղ երևալու ձգտումը կարող է հասցնել մի կետի, որից առաջ շարժվելն անհնարին կլինի։
• Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել մարդուն ձմեռվա երեք ամիսներին։ (Ճապոնական ասացվածք)
• Խուսափել համեմատվելուց և մրցակցելուց։ Այս երկու սովորությունը դանդաղ քայքայում է մեզ ներսից։ Պետք է ազատվել այս սովորություններից։
• Նախ մենք ենք ձևավորում մեր սովորությունները, ապա նրանք՝ մեզ։ (Անգլիացի պոետ)
• Սովորություններն այն գործողություններն են, որոնք մենք անում ենք պարբերաբար։ Սակայն մեծ մասամբ անգամ չենք գիտակցում, որ ունենք այս կամ այն սովորությունը։
• Դրանք ինքնակառավարման ռեժիմով են կատարվում։ Կախված իրենց բնույթից՝ մեր սովորությունները մեզ կամ բարձունքի կհասցնեն, կամ էլ կոչնչացնեն։ Մենք դառնում ենք այն, ինչ անում ենք կրկին ու կրկին։
Ցանիր միտք և կհնձես գործողություն։
Ցանիր գործողություն և կհնձես սովորություն։
Ցանիր սովորություն և կհնձես բնավորություն։
Ցանիր բնավորություն և կհնձես ճակատագիր։
(Սեմուել Սմայլս)
• Քեզ մաքուր ու փայլուն պահիր․ դու այն պատուհանն ես, որի միջոցով տեսնում ես ամբողջ աշխարհը։ (Ջորջ Բեռնարդ Շոու)
• «Եթե այն, ինչ ես կամ, այն է, ինչ ես ունեմ, ապա ո՞վ կլինեմ ես, եթե կորցնեմ ունեցվածքս»։
• Անհնար է շրջանցել օրենքը։ Մենք կարող ենք միայն ինքներս մեզ շրջանցել՝ օրենքի դեմ դուրս գալով։ (Սեսիլ Դեմիլ)
• Նախքան կյանքի հրապարակային արենաներում հաղթելը նախ պետք է հաղթես անձնական ճակատամարտեր ինքդ քո մեջ։
• Բոլոր փոփոխությունները սկսում են քեզնից։
• Ես սկսում եմ հայելու միջի մարդուց։ Խնդրում եմ, նրան փոխել իր պահվածքը։ Եվ ոչինչ ավելի պարզ չէր կարող հնչել։ Եթե ուզում ես աշխարհն ավելի լավը դարձնել, Նայիր ինքդ քեզ և արա դա։ (Սիդահ Գարեթ և Գլեն Բալլադ)
• Միշտ եղիր առաջին կարգում ինքդ քո տեսակի մեջ, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ մեկի երկրորդ կարգի կրկնօրինակը։ (Ջուդի Գարլանդ)
• Երջանկության համար պետք է ազատվել վատ հիշողություններից։ (Ռիտա Մեյ Բրաուն)
• Արհամարհիր կոպիտ խոսքը։ Խուսափիր հաջորդ անգամ նույն սխալը կրկնելուց։
• Լսելու համար, թե ինչ են ասում մյուսները, անհրաժեշտ է նաև լսել, թե նրանք ինչ չեն ասում։ Նշանակություն չունի՝ արտաքուստ որքան բարդ կթվան մարդիկ․ նրանց մեծ մասը ներքուստ դյուրազգաց է և հասկացված լինելու կարիքն ունի։
• Ճանապարհը, որ տանում է ցանկացած տեղ, իրականում ոչ մի տեղ չի տանում: Պետք է որոշես՝ որ ուղղությամբ գնալն է քեզ համար ճիշտ: Իրականում երբեք էլ վաղ չէ դրա համար: Առանց մտքում ճանապարհի ավարտի մեր սեփական տարբերակն ունենալու հաճախ հետևում ենք ինչ որ մեկին՝ ով ուզում է առաջնորդել, նույնիսկ դեպի այնպիսի բաներ, որոնք մեզ հեռուն չեն տանի:
• Մտքում վերջնագիծ տեսնելու լավագույն տարբերակը անձնական առաքելության ձևակերպումն է: Դա նման է հավատամքի կամ նշանաբանի, որը սահմանում է, թե հանուն ինչի ես ապրում քո կյանքը: Որոշ դեռահասներ օգտագործում են իրենց սիրելի ասույթները կամ գեղանկար, լուսանկար:
• Ինձ համար անվախ լինել չի նշանակում վախի բացակայություն: Դա չի նշանակում առհասարակ ոչնչից չվախենալ: Ինձ համար անվախ լինել նշանակում է ունենալ վախեր, ունենալ կասկածներ, շատ կասկածներ ու շատ վախեր: Ինձ համար անվախ լինելն ապրելն է՝ չնայած այն բաներին, որոնք քեզ մահացու վախեցնում են:
Leave a Comment