• Մուտք
  • Գրանցվել
x
x

ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՂՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԷԻՆ - ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

2026-06-02

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Նաիրա Աբրահամյանի և Դավիթ Սամվելյանի հեղինակությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ մեկնարկեց ընթերցանության ստեղծագործական համահայկական ևս մեկ ուսուցանող ու հետաքրքիր մրցույթ՝ «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» խորագրով։

 

Ծրագիրը փորձեց շուրջը հավաքել այն սովորողներին, որոնք կարևորում են գիրքը, սիրում են ընթերցանությունը, ունեն ստեղծագործական-վերլուծական միտք և կարողություններ։

 

Այն նմանատիպ մրցույթներից տարբերվում էր նրանով, որ գեղարվեստական աշխատանքները վերլուծելու համար մասնակիցներին առաջադրվել էր հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք ներառված էին «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» վեցհատորյա գրքերում (որպես ուսումնաօժանդակ նյութ՝ գրքերն ունեն ԿԳՄՍՆ-ի երաշխավորությունը)։

 

Մրցույթը ուսուցանողների և ուսումնառողների շրջանում առաջացրեց մեծ հետաքրքրություն․ մասնակցության հայտերի թիվը հասավ մոտ երկու հազարի։

 

Մրցույթի ողջ ընթացքը տևեց երեք ամիս։ Անցկացվեց երկու տարիքային խմբերի՝ հիմնական դպրոցի (7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններ) և ավագ դպրոցի սովորողների (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ) մասնակցությամբ։

 

Ըստ առաջադրված ծրագրի՝ մրցույթն անցկացվեց երեք փուլով։

 

Նախապես ներկայացրած բնութագրիչերին համապատասխան՝ մասնակիցներից յուրաքանչյուրն առաջին փուլի ընթացքում ներկայացրեց վերլուծական մեկ աշխատանք։

 

Հաջորդ փուլը հաղթահարած մասնակիցները առաջադրված ստեղծագործությունների և համապատասխան հարցերի շուրջ գրեցին գեղարվեստական շարադրանքի մեկ այլ տեսակ՝ էսսե, ինչը, Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան, գրավոր շարադրանքի տեսակներից պարտադիր գործածվողներից մեկն է (այսուհետ նաև՝ իններորդցիների ավարտական քննություններից երկու առարկաների համար ներկայացվող գրավոր շարադրանքի տեսակ)։

 

Մրցույթի շրջանակում ևս փորձ արվեց սովորողներին հմտացնել էսսեագրության սահմանված պահանջներին։ Ի դեպ, էսսեագրության համար պահպանվել էին այն բոլոր բնութագրիչներն ու չափանիշները, որոնք ներկայացվել էին «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից։

 

Եզրափակիչ փուլում ընտրված մասնակիցները հանդիպում ունեցան հանձնաժողովի անդամների հետ։ Գրագիտության, համընդհանուր զարգացվածության, առավելապես ընթերցանության և ստեղծագործական-վերլուծական կարողությունները վեր հանելու շուրջ ընթացավ զրույց-հանդիպումը։ Արդեն ներկայացրած աշխատանքների արդյունքներին գումարվեց ստացած տպավորությունները, ինչի արդյունքում էլ հնարավորություն ստեղծվեց ընտրել յուրաքանչյուր տարիքային խմբի հաղթողներին։

 

Արդյունքում հաղթող մասնակիցները ոչ միայն վայելեցին ամիսներ տևած իրենց համառ աշխատանքից ստացված հաղթանակի բերկրանքն ու ուրախությունը, այլև պարգևատրվեցին էլեկտրոնային գիրք- ընթերցիչներով, ինչպես նաև նպատակային աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուրն իր դպրոցի գրադարանը հարստացրեց հրատարակչության կողմից տրամադրված գիտական և գեղարվեստական արժեքավոր գրքերով (1-ին տեղը գրաված մասնակցի դպրոցի գրադարանը համալրվեց 50, 2-րդ տեղը՝ 30, 3-րդ տեղը՝ 20 անուն գրքով)։

 

Պարգևատրումներից անմասն չմնացին նաև եզրափակիչ փուլ անցած մասնակիցների դպրոցների տնօրեններն ու նրանց «Գրականություն» առարկան դասավանդող ուսուցիչները։

 

Անժխտելի է՝ ուսուցչի անխոնջ աշխատանքի արդյունքում է նաև ձևավորվել սովորողների՝ գեղարվեստական երկը վերլուծելու, բառն ու խոսքն արժևորելու մտավոր կարողությունները, ստեղծագործելու ձիրքն ու ընդունակությունները։

 

Անխոս, մրցույթին մասնակցությունը սովորողներին հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնելու ընթերցանության որակը, ստեղծագործական աշխատանք կատարելու կարողություններն ու հմտությունները, էսսեագրության մեջ հմտանալու ունակությունները, այլև դպրոցահասակ ընթերցողներին հաղորդակից դարձրեց իրենց կողքին ապրող, գեղարվեստական արժեք ստեղծող գրողներին ու նրանց կողմից ստեղծած գրականությանը։

 

Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը ևս նպաստեց ընթերցանության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, գրքի հանդեպ հետաքրքրության մեծացմանը։ Իսկ ձեռք բերված գիտելիքն ու փորձառությունը կբարձրացնի մասնակիցների կրթական առաջընթացը։

 

Այս մրցույթը մեկ անգամ ևս փաստեց, որ գիրքը շարունակում է մնալ պատանի ընթերցողների կայուն գիտելիքի, պատկերացումների զարգացման, հոգևոր աճի կարևոր գրավական։

 

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
մանկավարժ, ծրագրի համահեղինակ

 

Մրցույթի անցկացմանը աջակցել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը: Մրցույթի գլխավոր հովանավոր՝ ԱրմՍվիսԲանկ:

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու