• Մուտք
  • Գրանցվել
x
x

ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՂՆԵՐԸ. Ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթ

2026-01-19

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ մեկնարկում է հետաքրքիր մրցույթ այն սովորողների համար, որոնք սիրում են ընթերցել և ստեղծագործել։

Ծրագրի գործընկերներն են  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն» կազմակերպությունը:

Ծրագրի աջակիցն է «Արմսվիսբանկ»-ը:

Այս մրցույթի մասնակցությունը հնարավորություն կտա ոչ միայն զարգացնելու ընթերցանության որակը, ստեղծագործական աշխատանք կատարելու կարողություններն ու հմտությունները, այլև կմոտեցնի, ինչու ոչ, կծանոթացնի հայ ժամանակակից գրողներին ու նրանց կողմից ստեղծած գրականությանը։ 

Մրցույթի ողջ ընթացքը կտևի 3 ամիս՝ փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Հայտերի գրանցումը կիրականացվի հունվարի 19-ից։

Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբերի մասնակցությամբ՝

  • հիմնական դպրոցի սովորողներ (7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններ)
  • ավագ դպրոցի սովորողներ (10-րդ, 11-րդ, 12-րդ (հումանիտար հոսք) դասարաններ)

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվելու է 3 փուլով:

 

Ընթացակարգ

 

Փուլ 1 (փետրվարի 1 – մարտի 1) 

Այս փուլի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է ընթերցի առաջարկվող «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» (7-12 դասարանների համար, երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութ) գրքերից ընտրած մեկական ստեղծագործություն․

  • 7-րդ դասարանի սովորողները կարող են ընտրել 7-րդ կամ 8-րդ դասարանների համար նախատեսված գրքերից,
  • 8-րդ և 9-րդ դասարանների սովորողները՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների համար նախատեսված գրքերից,
  • 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների սովորողները՝ 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների քրեստոմատիայի գրքերից։

Մասնակիցը պետք է ընտրած ստեղծագործության համար գրի վերլուծական շարադրանք (շարադրանքի պահանջները տե՛ս «Հավելված 1-ում»

Ժյուրիի անդամների կողմից՝ ըստ սահմանված չափանիշների,  կընտրվեն լավագույն վերլուծական աշխատանքները։

Վերլուծական աշխատանքների պահանջները՝ առաջին տարիքային խմբի համար՝ 1-2 էջի, երկրորդ տարիքային խմբի համար՝ 2-3 էջի (Ա4 ֆորմատ, Word ծրագրում Sylfaen (Times New Roman) տառատեսակով, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3սմ, աջից` 1սմ) սահմանում:

Ժյուրիի անդամները յուրաքանչյուր տարիքային խմբից կընտրեն լավագույն աշխատանքները, այդ մասնակիցները կմասնակցեն հաջորդ փուլին։

 

Փուլ 2 (մարտի 15 – ապրիլի 1)

Երկրորդ փուլի ընթացքում մրցույթի մասնակիցները դարձյալ «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» գրքերից պետք է իրենց ցանկությամբ ընտրեն որևիցե ստեղծագործություն (որը չեն ընտրել վերլուծական շարադրանքի համար) և տվյալ ստեղծագործության համապատասխան՝ առաջարկվող հարցի վերաբերյալ գրեն էսսե (էսսեի պահանջները տե՛ս «Հավելված 2-ում»)․

  • 8-րդ և 9-րդ դասարանների սովորողները՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների համար նախատեսված գրքերից,
  • 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների սովորողները՝ 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների քրեստոմատիայի գրքերից։

 

Այս փուլում 7-րդ դասարանի սովորողների համար ՀՊՉ-ի պահանջներին համապատասախան՝ նախընտրած ստեղծագործությունների վերաբերյալ կտրվեն հարցեր՝ ստուգելու նրանց ընթերցանության կարողությունները, առօրյայի հետ կապ ստեղծելու հմտությունները, սեփական դիրքորոշում արտահայտելու ունակությունները։

Երկրորդ փուլի արդյունքների հիման վրա հաղթող մասնակիցները կմասնակցեն երրորդ փուլին։

 

Փուլ 3 (ապրիլի 25-26)

Երրորդ` եզրափակիչ փուլում ժյուրիի անդամները կանցկացնեն հեռավար հանդիպում յուրաքանչյուր մասնակցի հետ:

Վերջիններս պետք է պատասխանեն ժյուրիի անդամների հնչեցրած՝ իրենց ընթերցած   ստեղծագործությունների և գրած էսսեի վերաբերյալ տարատեսակ հարցերի։

 

Մրցանակներ

սովորողների համար

Յուրաքանչյուր տարիքային խմբի տասը մասնակիցներից ժյուրին կընտրի լավագույն եռյակը․ հաղթողները կստանան անհատական նվերներ՝ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներ (Kindle),  ինչպես նաև նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած գրքերով․

  • 1-ին տեղ գրաված մասնակցի դպրոցի գրադարանը կհամալրվի 50 գրքով
  • 2-րդ տեղ գրաված մասնակցի դպրոցի գրադարանը կհամալրվի 30 գրքով
  • 3-րդ տեղ գրաված մասնակցի դպրոցի գրադարանը կհամալրվի 20 գրքով

ուսուցիչների համար

  • Հաղթող մասնակիցների ուսուցիչները կպարգևատրվեն վկայականներով ու գրքերով։

 

Գրանցում

Հայտերի գրանցումը՝ հունվարի 19-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Մասնակցության համար պետք է լրացնել գրանցման հայտը՝ նամակ գրելով pr.editprint@gmail.com էլ հասցեին կամ անցնելով հետևյալ հղումով։ Պարտադիր է նշել ընտրած քրեստոմատիայի դասարանը և ստեղծագործության վերնագիրը (դեռևս 1-ին փուլի համար)։

Ի դեպ

Մասնակիցների տվյալները ժյուրիի անդամների համար փակ կլինեն մինչև 3-րդ փուլի սկիզբը:

Ուշադրությո՛ւն

Եթե ձեզ հաճելի է ընթերցանությունը, ինչպես նաև առաջարկվող ստեղծագործական աշխատանքներն իրականացնել տպագիր գրքերով, ապա գրքեր ձեռք բերելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 33 52 08 48։

Մեզ հետ կապ

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 033 52 08 48, ինչպես նաև կարող եք գրել մեր էլեկտրոնային փոստին` pr.editprint@gmail.com։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Ընթերցած ստեղծագործությունների վերաբերյալ գրվող վերլուծական շարադրանքի պահանջներ

Ցանկալի չէ ընթերցած գրքի վերաբերյալ գրավոր վերլուծությունը ներկայացնելիս սյուժեն գրառել մանրամասնորեն։

Աշխատանքը ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել․

 

Տեքստի կառուցվածքը

 

  • Ցանկալի է՝ շարադրանքն ունենա գրքի բովանդակությունը բնութագրող բնաբան։
  • Ներկայացնել այն միջավայրը, որտեղ կատարվում են գործողությունները։
  • Ներկայացնել ստեղծագործության գլխավոր գաղափարն ու ասելիքը։
  • Նշել՝ այդ ստեղծագործության միջոցով հեղինակն ինչ է ցանկացել հաստատել կամ հերքել։
  • Ներկայացրած միտքն ապացուցելու համար գրքից կարելի է դուրս բերել կարճ մեջբերումներ։
  • Ներկայացնել գլխավոր (նաև՝ երկրորդական) կերպարների բնութագիրը՝ հաշվի առնելով նրանց բնավորության հատկանիշներն ու վարքագիծը։
  • Ներկայացնել սեփական դիրքորոշումը հերոսի կամ հերոսների արարքի կամ քննարկվող երևույթի վերաբերյալ։
  • Կարևոր է՝ գրավոր խոսքը լինի պարզ, անկեղծ և որ ամենակարևորն է՝ բնութագրող։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Էսսե (շարադրանք) գրելիս անհրաժեշտ պահանջներ

Էսսեն կազմված է երեք հիմնական բաժիններից՝

  • նախաբան (առաջաբան, սկիզբ, ներածություն)
  • հիմնամաս կամ միջնամաս
  • վերջաբան (ավարտ, եզրակացություն, ամփոփում)։

Էսսե գրելիս կարևորվում է նաև շարադրանքում առկա ուղերձը՝ կապը առօրյայի հետ։

 

Էսսեի կառուցվածքը

 

Նախաբան

Նախաբանը պետք է գրված լինի 3-5 նախադասությամբ, որտեղ սովորողը պետք է ամփոփ ներկայացնի տվյալ հեղինակին, նշի նրա առավել հայտնի ստեղծագործությունը, անդրադառնա ընտրած ստեղծագործության ժանրային առանձնահատկություններին։

Կարևոր է, որ նախաբանը եզրափակի այնպիսի նախադասությամբ, որը կստեղծի անմիջական կապ շարադրանքի հիմնամասի հետ։

Օրինակ՝ Ռուբեն Հովսեփյանի լավագույն ստեղծագործություններից է «Արագիլները վերադարձան» պատմվածքը, որտեղ ներկայացված է մարդկային հիշողության, կարոտի, հայրենի հողի հետ անքակտելի կապ ունենալու գաղափարը։

Բերված օրինակում ներկայացված է նախաբանը հիմնամասին կապող նախադասության օրինակ։

 

Հիմնամաս

Շարադրանքի հիմնամասում պետք է ներկայացվի պնդումը, որը պետք է բխի ստեղծագործության համար առաջարկվող հարցից (հարցադրումները կներկայացնենք մենք)։

 

Պնդում

Օրինակ՝ Մարդու հոգևոր արմատներին վերադարձը հիշողության, հայրենասիրության, կյանքի շարունակության ապահովման հիմնասյունն է։

 

Այնուհետև պնդումից հետո պետք է ներկայացվի բացատրությունը։

Բացատրությունից հետո կամ առաջ պետք է գրվի տվյալ թեմային առնչվող փաստեր, շարադարանքում դրանք կարող են մեջբերվել կա՛մ տվյալ ստեղծագործությունից կա՛մ այլ աղբյուրներից։

Կարևոր է՝ հիմնամասն ավարտել այնպիսի նախադասությամբ, որը կամփոփի պնդման միտքը։

 

էսսեի հիմնամասի կառուցվածքը

 

Վերջաբան

Վերջաբան-եզրակացությունը պետք է գրել 3-5 նախադասությամբ, որը պետք է ամփոփի ամբողջ ասելիքը։

Աշխատանքի ընդհանուր ծավալը պետք է լինի 2-3 էջի սահմաններում։

 

  • Քրեստոմատիաները կարող եք ձեռք բերել դպրոցական կամ համայնքային գրադարաններից, «Բուկինիստ» և «Զանգակ» գրախանութներից, իսկ մարզեր առաքման համար կարող եք զանգել 095 520 848 հեռախոսահամարով:

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու